Ամերիկացի գիտնականները լաբորատոր պայմաններում ուղեղի հյուսվածքների եռաչափ կրկնօրինակն են աճեցրել: Թաֆթսի համալսարանականների հայտնագործությունը տեսականորեն կարող է օրգանի ծանր հիվանդությունների, մասնավորապես՝ ուղեղի չորացմամբ բնութագրվող թուլամտության եւ վնասվածքների բուժման հիմքում դրվել, հաղորդում է The Telegraph-ը:
Վերոհիշյալ հյուսվածքները ոչ միայն սպիտակ եւ մոխրագույն զանգվածներ են պարունակում, այլեւ կարող են մարդու ուղեղին հատուկ բոլոր քիմիական ու էլեկտրական գործառույթներն իրականացնել:
Գիտնականներն այսուհետ մտադիր են, լաբորատոր ուղեղի օգնությամբ, տարբեր դեղամիջոցների՝ օրգանի հիվանդությունների եւ վնասվածքների նկատմամբ արդյունավետությունը պարզել: Մինչ այժմ նմանատիպ փորձարկումները միայն լաբորատոր մկների եւ այլ կենդանիների նկատմամբ էին իրականացվում: Այնինչ մարդու՝ թեկուզեւ լաբորատոր ուղեղի հատկանիշների ուսումնասիրությունը կարող է նշանակալիորեն բարձր արդյունավետության հանգեցնել:
Լաբորատոր ուղեղի օգնությամբ, մասնավորապես, տարատեսակ նյարդադեգեներատիվ խանգարումների, ներառյալ՝ ինսուլտի եւ Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի տեսանկյունից, առավել արագագործ դեղամիջոցներ կարող են մշակվել: Նախատեսվում են նաեւ փորձարկումներ՝ ուղեղի՝ վնասվածքի արդյունքում խափանված հատվածների աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: Օրգանի՝ լաբորատոր պայմաններում աճեցված եռաչափ հյուսվածքները կարող են մինչեւ երկու ամիս կենդանություն ապահովել: Մինչ այդ գիտնականները նեյրոններ են աճեցնում՝ նրանց՝ վերահսկելի միջավայրում դրսեւորվող վարքն ուսումնասիրելու նպատակով: Ավելին՝ համալսարանականներին արդեն հաջողվել է ուժեղ վնասվածքից հետո մարդու ուղեղում տեղի ունեցող քիմիական եւ էլեկտրական փոփոխություններին հետեւել: Վնասվածք հրահրելու համար աճեցված հյուսվածքների վրա տարբեր բարձրություններից ծանր իրեր են նետվել:






