Ալերգիայի ամենասարսափելի տեսակը ընդեղենին է վերագրվում: Սակայն գիտնականներին հաջողվել է քեշյու ընկույզի հիպոալերգիկ տիպը ստեղծել. ընդ որում, նույն արդյունքը կարելի է նաեւ ընդեղենի այլ տեսակների պարագայում ստանալ: Խնդրի լուծման բանալին ալերգիկ ռեակցիա հրահրող սպիտակուցների փոփոխության մեջ է կայանում, հաղորդում է The Telegraph-ը:
Իսկ ավելի կոնկրետ՝ ռեակցիայի պատճառն այն հակամարմիններն են, որոնք հիշյալ սպիտակուցներին միանալու հատկանիշ են դրսեւորում: Մի խոսքով, մասնագետներին հաջողվել է սպիտակուցների կառույցի այնպիսի փոփոխություն ստանալ, որի պարագայում դրանք իմունային համակարգի համար անտեսանելի են դառնում: Խոսքը ալերգենների՝ նատրիումի սուլֆիտով մշակմանն է վերաբերում, ինչի արդյունքում հակամարմիններն այլեւս ի վիճակի չեն դրանց միանալ:
Հետազոտությունը մինչ այժմ մեկուսացված ալերգենների նկատմամբ է իրականացվել, այնպես որ առաջիկայում ամբողջական ընկույզի եւ մարդու բջիջների ներգրավմամբ փորձարկումներ են սպասվում: Գիտնականները հուսով են նույն տեխնոլոգիան ընդեղենի այլ տեսակների, մասնավորապես՝ գետնանուշի նկատմամբ կիրառել:
Բացի այդ, Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսական տեխնիկական համալսարանը ներկայացնող գիտնականները եւս ալերգենների խտությունը 98 տոկոսով նվազեցնելու սխեմա են մշակել, սակայն միայն գետնանուշի համար: Նրանք առաջարկում են մաքրված գետնանուշը սննդային ֆերմենտների լուծույթի մեջ թաթախել, որից հետո այն նույնիսկ իմունաթերապեւտիկ նկատառումներով կարելի է օգտագործել:






