87 նորածինների ուղեղի մագնիսա-ռեզոնանսային հետազոտության արդյունքներն այն մասին են վկայել, որ հիշյալ օրգանը ծննդաբերությունից անմիջապես հետո օրական շուրջ մեկ տոկոսի չափով աճ ապահովելու եւ կյանքի առաջին երեք ամիսներին, ընդհանուր առմամբ, 64 տոկոսով մեծ չափեր ընդունելու հնարավորություն է ձեռք բերում: Ընդ որում, եռամսյակի վերջին օրերին աճի տեմպի կիսով չափ նվազում է նկատվում: 

Մասնավորապես, աճի ամենաարագ տեմպերը շարժումների համար պատասխանատու ուղեղիկին է վերագրվում, իսկ ամենադանդաղը հիշողությունների ձեւավորում իրականացնող հիպոկամպն է աճում, հաղորդում է FoxNews-ը:

Սան-Դիեգոյի եւ Հավայան կղզիների համալսարանների գիտահետազոտական խմբերի անդամներն, ընդհանուր առմամբ, ավելի քան 200 մագնիսա-ռեզոնանսային պատկերներն են ուսումնասիրել՝ երկու օրականից ի վեր երեխաների ուղեղի աճի տեմպերը պարզելու նպատակով:

Հետազոտության արդյունքում, մասնավորապես, հաստատվել է, որ վաղաժամ ծնված երեխաների ուղեղը, կյանքի 90-րդ օրվա դրությամբ, ժամանակին ծնվածների հետ համեմատությամբ, շուրջ 2 տոկոսով փոքր չափեր է ձեռք բերում:

«Այդուհանդերձ, վաղաժամ ծնված փոքրիկների ուղեղն ավելի արագ է զարգանում, քանի որ առավել երիտասարդ է», - նշել է հետազոտության անդամներից մեկը:

Հետազոտության կարեւորությունը նրանում է կայանում, որ այն կարող է նորածին երեխաների ուղեղի զարգացումը գրանցող ավանդական եղանակին՝ գլխի տրամագծի չափմանը փոխարինել եւ օրգանի խանգարումների, մասնավորապես՝ աուտիզմի եւ տարբեր տիպի վնասվածքների վաղ ախտորոշման միջոց ծառայել:

Հետազոտության անդամները առաջիկայում մտադիր են հղիության ընթացքում ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցությամբ ուղեղի զարգացման տենդենցները պարզել:

Ի միջի այլոց, նրանք փարատել են այն վարկածը, թե իբր մարդն իր ուղեղի հնարավորությունների ընդամենը 10 տոկոսն է օգտագործում: