Վաշինգտոնի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ խմբով աշխատելու պարագայում կանայք առավել ստեղծագործ եւ համագործակցող են դառնում: Սակայն մրցակցային բաղադրիչի առկայության դեպքում պատկերը տրամագծորեն փոխվում է՝ խումբը, որպես այդպիսին, այլեւս չի գործում: Մինչդեռ տղամարդկանց համար պատկերը ճիշտ հակառակն է, հաղորդում է Medical Daily-ն:
Փորձագետներն ուժեղ սեռի՝ մրցակցային պայմաններում առավել արդյունավետ աշխատանք դրսեւորելու հատկությունը էվոլյուցիոն զարգացմամբ են պայմանավորում: Նրանց համոզմամբ, ներսեռական մրցակցությունը տղամարդկանց մոտ կարող է արդյունավետ աշխատանքի հանգեցնող ագրեսիվություն, իսկ կանանց պարագայում՝ արտադրողականության անկում ենթադրող անվճռականություն ծնել, ուստի գործատուները պետք է հաշվի առնեն, որ միայն կանանցից բաղկացած մրցակցային թիմը մեծ ի մասամբ անհաջողության է դատապարտված:
«Մրցակցային պայմաններում տղամարդիկ առավել միասնական ու փոխկապակցված աշխատանք են իրականացնում եւ ստեղծագործական մոտեցում ցուցաբերում՝ ի տարբերություն կանանց, որոնց մոտ ճիշտ հակառակ պատկերն է նկատվում», - ամփոփել է հետազոտության հեղինակ դոկտոր Մարկու Բաերը:






