Դեպրեսիաներն ավելի լավ է հոգեբանական եւ հոգեթերապեւտիկ մոտեցումների օգնությամբ բուժել, այլ ոչ՝ դեղամիջոցների օգտագործմամբ: Տեսակետը NEWS.am Medicine-ի հետ զրույցի ընթացքում ընտանեկան բժիշկ Սեդա Պօղոսեան-Թայն (Մեծ Բրիտանիա) է հնչեցրել:
Դեղամիջոցները, իհարկե, կարող են բավական արդյունավետ լինել, «մաքրել» մարդու միտքը եւ դուրս բերել նրան դեպրեսիվ վիճակից, սակայն նաեւ վնասակար հատկություններ ունեն:
Դեպրեսիաների՝ դեղամիջոցներով բուժման բացասական կողմերը.
- • Դեղամիջոցների օգնությամբ բուժվող մարդը կարող է այդ դեղամիջոցներից կախվածություն ձեռք բերել;
- • Դեղամիջոցները բազմաթիվ կողմնակի ազդեցություններ կարող են ունենալ. դրանք ընդունող մարդուն սովորաբար չի կարելի մեքենա վարել՝ նա հաճախ թմրած է լինում, քնկոտ: Որոշ դեղամիջոցներ էլ սրտի առողջության վրա են բացասաբար անդրադառնում:
- • Դեղամիջոցները բավականին թանկարժեք են եւ, մանավանդ երկարատեւ օգտագործման պարագայում, կարող են զգալի հարված հասցնել ընտանեկան բյուջեին:
Դեպրեսիաների հոգեբանական եւ հոգեթերապեւտիկ բուժման դեպքում նման կողմնակի ազդեցություններ չեն լինում, իսկ ինքը՝ բուժումը, ճիշտ մոտեցման դեպքում, նույնքան արդյունավետ է անցնում:
Սեդա Պօղոսեան-Թայը ընտանեկան բժիշկ է, միաժամանակ էլ՝ օնկոլոգիական եւ արյան հիվանդությունների մասնագետ: Քաղցկեղային հիվանդություններով տառապող մարդկանց հետ աշխատելիս նկատել է, որ նրանք հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում, ինչն էլ մասնագետի մեջ հետաքրքրություն է առաջացրել դեպրեսիաների, այլ հոգեբանական խնդիրների եւ դրանց բուժման եղանակաների նկատմամբ:
Հենց դեպրեսիաների եւ դրանք կառավարման ու բուժման մասին է Սեդա Պօղոսեան-Թայն այսօր Երեւանում մեկնարկած Ընտանեկան բժշկության 2-րդ միջազգային գիտաժողովին զեկույցով ելույթ ունեցել:






