Ջոնս Հոփկինսի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ քաշի կորստի եւ դիաբետի բուժման հանրահայտ սեմագլուտիդ դեղամիջոցը (մտնում է օզեմպիկի եւ վեգովիի բաղադրության մեջ) կարող է կապված լինել աչքի հազվագյուտ հիվանդության՝ ոչ արթերիիտային առաջնային իշեմիկ օպտիկական նեյրոպթաիայի (NAION) հավանականության հետ: Այս վիճակը կարող է հանգեցնել տեսողության հանկարծակի կորստի: Հետազոտությունը հրապարակվել է JAMA Ophthalmology գիտական ամսագրում։
Թիմը վերլուծել է 2-րդ տեսակի դիաբետ ունեցող ավելի քան 37 միլիոն հիվանդների տվյալները, որոնցից ավելի քան 810 հազարը սեմագլուտիդ է ընդունել: Արդյունքները ցույց են տվել, որ այս դեղամիջոցն օգտագործողների մոտ NAION առաջացման ռիսկը 32 տոկոսով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր խուսափել են սեմագլուտիդից:
Հետազոտողներն ընդգծել են, որ բացարձակ ռիսկը մնում է ցածր, եւ սեմագլուտիդի եւ NAION-ի միջեւ կապը պահանջում է հետագա ուսումնասիրություն:
«Մենք բժիշկներին կոչ ենք անում համեմատել այս հազվագյուտ, բայց լուրջ աչքի հիվանդության հավանական ռիսկը սեմագլուտիդի բազմաթիվ թերապեւտիկ օգուտների հետ»,- ասել է հետազոտության ղեկավար, դոկտոր Սինդի Քայը:
Փորձագետները նշել են, որ սեմագլուտիդը նշանակալի առավելություններ ունի, այդ թվում՝ արյան մեջ շաքարի վերահսկումը, քաշի կորուստը եւ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի նվազեցումը:






