Հոլանդացի գիտնականների հավաստիացմամբ, անառողջ սննդի օգտագործման հետեւանքով ստացված վնասները կարող են չափազանց երկարաժամկետ ազդեցություն ապահովել եւ անգամ ճիշտ սննդակարգի հաշվին անուղղելի դառնալ: Բանն այն է, որ ճարպերով, շաքարով եւ աղի բաղադրությամբ հարուստ սննդատեսակները գեների աշխատանքը փոխելու հատկություն ունեն, եւ նույնիսկ դրանք փոխարինելով երբեմն հնարավոր չի լինում ժամանակի սլաքը հետ շրջել, հաղորդում է The Daily Mail-ը:

Մասնավորապես, լաբորատոր մկների նկատմամբ իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ անառողջ սնունդ ընդունած կենդանիները նույնիսկ բուժում ստանալուց հետո հակում են դրսեւորում՝ զարկերակների կարծրացման նկատմամբ, քանի որ «էպիգենետիկա» անվամբ հայտնի գործընթացը կարող է հատկապես իմունային համակարգի համար կենսական կարեւորություն ունեցող գեների գործառույթների փոփոխության հանգեցնել: 

Գիտնականները մի քանի ամիս շարունակ ճարպերի եւ խոլեստերինի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող սննդակարգ են հրամցրել գենետիկ փոփոխությունների հաշվին աթերոսկլերոզի եւ զարկերակների՝ թթվածնով հարուստ արյան հոսքի ծավալի նվազեցման հանգեցնող կարծրացման նկատմամբ հակում դրսեւորող կենդանիներին:

Նույնիսկ առողջարար սննդակարգի անցնելուց եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցումից հետո իրականացած հետազոտությունները ցույց են տվել, որ գենետիկ մոդիֆիկացիայի ենթարկված կրծողները առողջ կենդանիներից ոչ շահեկանորեն տարբերվող ոսկրածուծ եւ իմունային համակարգի նշանակալի տարբերություններ են պահպանել, ինչը աթերոսկլերոզի առաջացման հավելյալ ռիսկ է ենթադրում: