Ապագա հոր օրգանիզմի վրա նիկոտինի ազդեցությունը կարող է անդրադառնալ նրա երեխաների նյութափոխանակության վրա և մեծացնել շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Այս եզրակացությանն են եկել գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the Endocrine Society ամսագրում։
Փորձի ընթացքում լաբորատոր արու մկների խմելու ջրին նիկոտին են ավելացրել, ինչից հետո հետազոտողները հետևել են նրանց սերնդի վիճակին։ Վերլուծությունը ցույց է տվել, որ նման կենդանիների ձագերի մոտ փոփոխություններ են տեղի ունեցել գլյուկոզայի փոխանակության և լյարդի գործառույթների մեջ. գործոններ, որոնք կապված են մետաբոլիկ խանգարումների զարգացման հետ։
Գիտնականները էգ սերնդի մոտ արձանագրել են քաղցած վիճակում ինսուլինի և գլյուկոզայի ցածր ցուցանիշներ։ Արուների մոտ, իրենց հերթին, նկատվել են արյան մեջ շաքարի մակարդակի և լյարդի աշխատանքի փոփոխություններ՝ ստուգիչ խմբի համեմատ։ Հետազոտողների խոսքով՝ նման խանգարումները կարող են մեծացնել նյութափոխանակության հիվանդությունների, այդ թվում՝ դիաբետի ռիսկը։
Հեղինակներն ընդգծում են, որ փորձն իրականացվել է կենդանիների վրա։ Այնուամենայնիվ, ստացված արդյունքները մատնանշում են ապագա հայրերի առողջական վիճակի կարևոր դերը։ Ըստ գիտնականների՝ նախքան բեղմնավորումը նիկոտինի ազդեցությունը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ հաջորդ սերնդի մետաբոլիկ առողջության համար։
Ավելի վաղ այլ հետազոտություններ նույնպես ցույց էին տվել բերանի խոռոչի հիվանդությունների, օրինակ՝ պարոդոնտիտի կապը դիաբետի, Ալցհայմերի հիվանդության և արթրիտի զարգացման բարձր ռիսկի հետ։






