Ցողունային բջիջների ներարկումները կարող են զգալիորեն բարելավել տարիքային թուլություն ունեցող տարեց մարդկանց ֆիզիկական վիճակը, նման եզրակացության են եկել Cell Stem Cell ամսագրում հրապարակված նյութի հեղինակները:
Հետազոտությանը մասնակցել է 70-ից 85 տարեկան 148 մարդ, ովքեր տառապում են ծերունական թուլությամբ՝ վիճակ, որի դեպքում նվազում է մկանային ուժն ու դիմացկունությունը, ինչպես նաև մեծանում է ընկնելու և հոսպիտալացման ռիսկը: Մասնակիցներին ներարկել են laromestrocel դեղամիջոցը։ Այն ստեղծվել է երիտասարդ դոնորների ոսկրածուծի ցողունային բջիջների հիման վրա:
Թերապիայից ինը ամիս անց պացիենտների մոտավորապես մեկ երրորդը զգալի բարելավում է ցուցաբերել և դադարել է համապատասխանել թուլության չափանիշներին: Բացի այդ, առավելագույն դեղաչափ ստացած մասնակիցները վեցրոպեանոց քայլքի թեստի ժամանակ միջինում անցել են 63 մետրով ավելի, քան պլացեբո ստացած խմբի անդամները:
Գիտնականների խոսքով՝ մեթոդն ուղղված է տարիքի հետ նվազող ցողունային բջիջների պաշարի համալրմանը: Սա կարող է նպաստել քրոնիկական բորբոքման նվազեցմանը, անոթների վիճակի բարելավմանը և հյուսվածքների վերականգնման գործընթացների մեկնարկին:
Հետազոտողները նշում են, որ նման մոտեցումները կարող են օրգանիզմի տարիքային թուլացման դեմ պայքարի հեռանկարային միջոց դառնալ, սակայն վերջնական եզրակացությունների համար ավելի մասշտաբային հետազոտություններ են անհրաժեշտ։






