Ծավալուն պոպուլյացիոն հետազոտությունը ցույց է տվել, որ վեց տարեկան հասակում մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) շատ ավելի հստակ է կանխորոշում երիտասարդ տարիքում ավելորդ քաշի և ճարպակալման ի հայտ գալը, քան երկու, տասը կամ տասնչորս տարեկանի ՄԶԻ ցուցանիշները։ Բացի այդ, երկու տարեկանում բարձր ՄԶԻ ունեցող այն երեխաների մոտ, ում ՄԶԻ աճը երկուսից վեց տարեկան ընկած ժամանակահատվածում դանդաղել է, ճարպակալման ռիսկը հավասարվել է միջին ՄԶԻ ցուցանիշներ ունեցող հասակակիցների ռիսկին։
Հետազոտությունն իրականացվել է «Generation R» նախագծի շրջանակներում. սա երկարատև կոհորտային հետազոտություն է, որտեղ մասնակիցներին հետևել են դեռ ներարգանդային շրջանից մինչև չափահաս դառնալը։ Գիտնականները վերլուծել են 2002–2006 թվականներին Նիդերլանդներում ծնված 3528 երեխայի տվյալներ։ Բոլոր մասնակիցների համար հասանելի են եղել ծննդյան քաշի, հղիության ժամկետի, մանկական տարիքում ՄԶԻ չափումների և մոտ 18 տարեկանում ՄԶԻ գնահատման վերաբերյալ տեղեկությունները։
Երեխաներին բաժանել են խմբերի՝ ըստ սեռի և տարիքի համար ճշգրտված ՄԶԻ ցուցանիշների՝ առանձնացնելով ցածր, միջին և բարձր տերտիլներ։ Հետազոտողները նաև գնահատել են ՄԶԻ աճի տեմպը չորս տարիքային շրջանում՝ ծնվելուց մինչև երկու տարեկան, երկուսից վեց տարեկան, վեցից տասը տարեկան և տասից տասնչորս տարեկան։
Արդյունքները ցույց են տվել, որ 18 տարեկանում ավելորդ քաշը կամ ճարպակալումը պահպանվել է երկու տարեկանում ավելորդ քաշ ունեցող երեխաների 32,6%-ի, վեց տարեկանում՝ 54,0%-ի, տասը տարեկանում՝ 57,4%-ի և տասնչորս տարեկանում՝ 70,3%-ի մոտ։ Այս երիտասարդների ավելի քան երկու երրորդը մանկության ընթացքում պարբերաբար բախվել է ավելորդ քաշի խնդրին։
Վեց տարեկան հասակում ՄԶԻ ստանդարտացված ցուցանիշի յուրաքանչյուր մեկ միավորով ավելացումը կապված է եղել 18 տարեկանում ավելորդ քաշի կամ ճարպակալման հավանականության ավելի քան կրկնակի մեծացման հետ։ Ծննդյան պահին երեխայի քաշը նույնպես փոխկապակցված է եղել ապագա քաշի հետ, սակայն այդ կապը զգալիորեն ավելի թույլ է եղել։
Ծննդյան պահին միջին կամ բարձր քաշ ունեցող այն երեխաների մոտ, ում կյանքի առաջին երկու տարիներին նկատվել է ՄԶԻ արագացված աճ, հետագայում ավելորդ քաշ ունենալու ռիսկն ավելի բարձր է եղել։ Երկուսից վեց և վեցից տասը տարեկան հասակում ՄԶԻ արագացված աճը մեծացրել է ճարպակալման հավանականությունը՝ անկախ երեխայի սկզբնական քաշային կարգից։ Ամենամեծ ռիսկն արձանագրվել է այն երեխաների մոտ, ովքեր տասը տարեկանում ունեցել են ամենաբարձր ՄԶԻ-ն՝ այս ցուցանիշի միաժամանակյա արագացված աճի ֆոնին։
Հատկանշական է, որ երկու տարեկանում բարձր ՄԶԻ ունեցող այն երեխաները, ում մոտ երկուսից վեց տարեկանում նկատվել է ՄԶԻ աճի դանդաղում, ճարպակալման և ավելորդ քաշի նույնպիսի ռիսկ են ունեցել, ինչ միջին ՄԶԻ ունեցող իրենց հասակակիցները։
Հեղինակների կարծիքով՝ մանուկ հասակում ՄԶԻ փոփոխության անբարենպաստ հետագծերի վաղ հայտնաբերումն ու շտկումը կարող են կարևոր գործիք դառնալ չափահաս տարիքում ճարպակալման և ավելորդ քաշի կանխարգելման համար։
Հետազոտությունն իրականացվել է Յասմին Մ. դե Գրոտի և Ռոտերդամի Էրազմուս բժշկական կենտրոնի «Generation R» խմբի աշխատակիցների ղեկավարությամբ ու հրապարակվել է 2026 թվականի մայիսի 21-ին «European Journal of Pediatrics» ամսագրում։






