Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի ընթացիկ բռնկումը դարձել է ամենախոշորը առաջին ամսում հաստատված դեպքերի քանակով՝ ադ հիվանդության բոլոր հայտնի բռնկումների շարքում։ Իրավիճակի մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները։
Մայիսի 15-ին բռնկման մասին պաշտոնական հայտարարությունից ի վեր վիրուսով վարակվել է ավելի քան 1000 մարդ, իսկ զոհերի թիվը հասել է առնվազն 267-ի։ Մասնագետների կարծիքով՝ բռնկումն առաջացրած Բունդիբուգիո տարբերակը բնակչության շրջանում շրջանառվել է դեռևս մի քանի ամիս նախքան դրա պաշտոնական հայտնաբերումը։
Ժնևում անցկացված ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ ներկայացուցիչ Աբդիրահման Մահամուդը նշել է, որ նման արագ տարածման պատճառներից մեկը խիտ բնակեցված քաղաքային շրջաններում, ներառյալ՝ Բունիան և հանքարդյունաբերական Մոնգբվալու քաղաքը առաջին հաստատված դեպքերի ի հայտ գալն էր։ Ի տարբերություն նախորդ բազմաթիվ բռնկումների, որոնք սկսվում էին հեռավոր գյուղական շրջաններում և արագորեն տեղայնացվում, ներկայիս համաճարակը լուրջ տարածում է ստացել բնակչության բարձր շարժունակություն ունեցող վայրերում։
Ըստ Մահամուդի՝ արձագանքման միջոցառումներն առայժմ հետ են մնում վարակի տարածման տեմպերից։ Այդուհանդերձ, նա նշել է նաև դրական փոփոխություններ. վերջին երկու շաբաթվա ընթացքում Էբոլայով բուժառուների համար նախատեսված մասնագիտացված մահճակալների թիվը գերազանցել է 500-ը, իսկ բժիշկների և հիվանդության դեմ պայքարի մասնագետների աշխատանքին տեղի բնակիչների դիմադրությունը աստիճանաբար նվազում է։
ԱՀԿ-ն հայտնում է նաև Էբոլայի սպառնալիքի մասին բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման մասին։ Ավելի ու ավելի շատ բնակիչներ են դիմում տեղեկվություններ և վարակից պաշտպանվելու միջոցներ ստանալու համար։
Առանձնակի մտահոգություն է առաջացնում վիրուսի տարածումը Կոնգոյի արևելքում գտնվող տեղահանված անձանց ճամբարներում։ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ նման մի քանի ճամբարներում հաստատվել է հիվանդության առնվազն 25 դեպք և 14 մահ։
ՄՄԿ ներկայացուցիչ Աբդուլայե Վոնեն ընդգծել է, որ ճամբարների գերբնակեցվածությունը և մարդկանց մշտական տեղաշարժը նպաստավոր պայմաններ են ստեղծում վիրուսի փոխանցման համար։ Շատ բնակիչներ սնունդ, աշխատանք և այլ անհրաժեշտ ռեսուրսներ հայթայթելու նպատակով ամեն օր լքում են ճամբարները։
Լրացուցիչ տագնապ է առաջացնում իրավիճակը Կիգոնզե ճամբարում, որտեղ մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցները հայտնել են շաբաթվա սկզբից ի վեր չորս երեխայի մահվան մասին։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքները, որոնք պետք է հաստատեն կամ հերքեն այդ դեպքերի կապը Էբոլայի հետ, դեռ պատրաստ չեն։
Ներկա բռնկումը Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում արձանագրված Էբոլայի ավելի քան քսան համաճարակներից մեկն է։ Ամենամասշտաբայինը շարունակում է մնալ 2014–2016 թվականների համաճարակը Արևմտյան Աֆրիկայում, որը Գվինեայում, Սիերա Լեոնեում և Լիբերիայում ավելի քան 11 հազար մարդու կյանք խլեց:






