Ուրբաթ օրը ԱՄՆ առողջապահական մարմինները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի բռնկման դեմ արձագանքը բարձրացրել են մինչև առաջին՝ ամենաբարձր մակարդակ և հայտարարել են տարածաշրջան փորձարարական դեղամիջոցների առաքման մասին, հաղորդել է AFP-ն։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) ընդգծել են, որ միջոցառումը հիմնականում կազմակերպչական բնույթի է և չի ներկայացնում ռիսկի աճ ԱՄՆ-ի համար։
«Մեր գնահատականն այն է, որ Միացյալ Նահանգների համար ռիսկը մնում է ցածր», - ասել է CDC-ի էբոլայի դեմ պայքարի ծրագրի ղեկավար Սաթիշ Պիլաին։
Նա նշել է, որ առաջին մակարդակն օգտագործվում է որպես առավելագույն առաջնահերթության ներքին ազդանշան, որը թույլ է տալիս անձնակազմի և ռեսուրսների արագ մոբիլիզացիա։
CDC-ն նաև հաստատել է MBP134 փորձարարական դեղամիջոցի դեղաչափերի առաքումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Ուգանդա, ինչպես նաև լրացուցիչ դեղաչափերի նվիրաբերում Օքսֆորդի համալսարանին կլինիկական փորձարկումների համար։ ԱՄՆ-ը նաև ուղարկում է 2 500 ախտորոշիչ թեստ՝ մահացած պացիենտների մոտ վիրուսի շտամները հայտնաբերելու համար։
Վերջին տվյալների համաձայն՝ մեկ ամսից մի փոքր ավելի առաջ հայտարարված բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արդեն հանգեցրել է 304 մահվան1 115 հաստատված դեպքերից։ Վարակը տարածվել է նաև Ուգանդայում, որտեղ գրանցվել են 20 դեպք և երկու մահ։
Ամերիկացի մասնագետները զգուշացնում են, որ եթե համաճարակը բավարար կերպով չզսպվի, այն կարող է մոտենալ 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում տեղի ունեցած ամենամեծ բռնկման մասշտաբներին, որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, խլել է ավելի քան 11 000 մարդու կյանք։
Ընթացիկ բռնկումը պայմանավորված է բունդիբուջիո շտամով, որի դեմ հաստատված պատվաստանյութեր կամ բուժումներ չկան, ինչն ընդգծում է փորձարարական թերապիաների և արտակարգ իրավիճակներին արձագանքման միջոցառումների կարևորությունը։






