Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդով հիվանդացածների իրական թիվը կարող է երկուսից չորս անգամ գերազանցել պաշտոնապես գրանցված ցուցանիշները։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Չիկվե Իհեկվեազուն։

Պաշտոնական տվյալներով՝ երկրում գրանցվել է վարակման մոտ 2 հազար դեպք և ավելի քան 700 մահ։ Սակայն, ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, մաթեմատիկական մոդելավորումը վկայում է վարակի տարածման շատ ավելի մեծ մասշտաբների մասին։

«Մաթեմատիկական մոդելների վրա հիմնված մեր գնահատականների համաձայն՝ դեպքերի իրական թիվը կարող է առնվազն երկուսից չորս անգամ ավելի բարձր լինել հայտնաբերվածից։ Միևնույն ժամանակ, նոր դեպքերի հայտնաբերման հնարավորությունները մշտապես բարելավվում են, ինչը թույլ է տալիս աստիճանաբար ստանալ կատարվողի ավելի ճշգրիտ պատկերը»,- Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Իհեկվեազուն։

Փորձագետն ընդգծել է, որ նոր դեպքերի մոտ 80%-ը հայտնաբերվում է հիվանդների հայտնի շփումների շրջանակից դուրս։ Սա վկայում է վիրուսի փոխանցման բազմաթիվ չվերահսկվող շղթաների առկայության մասին։ Լրացուցիչ խնդիր է մնում այն, որ շատ վարակվածներ մահանում են տանը՝ առանց բժշկական օգնության դիմելու և առանց պաշտոնական վիճակագրության մեջ ներառվելու։

ԱՀԿ-ի կարծիքով՝ այս գործոնները դժվարացնում են համաճարակի իրական մասշտաբների գնահատումը և բարդացնում դրա զսպմանն ուղղված միջոցառումները։