Լուիզիանայի հյուսիսային հատվածի 8-ամյա բնակչուհին մահացել է Naegleria fowleri ամեոբայով առաջացած հազվադեպ և գրեթե միշտ մահացու վարակից, որին հաճախ անվանում են «ուղեղակեր»։ Մասնագետների կարծիքով՝ աղջնակը կարող էր վարակվել տեղի լճում լողանալու ժամանակ։
Ռաստոն քաղաքից Լիլիան Սմարթը մահացել է հիվանդանոցում անցած հանգստյան օրերին՝ իր ութերորդ տարեդարձից կարճ ժամանակ անց։ Ծնողների խոսքով՝ վարակը առաջացրել է ուղեղի ուժեղ այտուց և ծանր ախտահարում։
Անցյալ շաբաթ Լուիզիանայի առողջապահության դեպարտամենտը հայտնել էր, որ նահանգի բնակիչներից մեկը, հավանաբար, վարակվել է Naegleria fowleri-ով Քլեյբորն լճում լողանալուց հետո, որը գտնվում է Ռաստոնից մոտ 48 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքում։ Թեև իշխանությունները պաշտոնապես չեն նշել հիվանդի անունը, հարազատներն ու ընկերները տեղական ԶԼՄ-ներին հաստատել են, որ խոսքը Լիլիանի մասին է։
Naegleria fowleri-ն միկրոսկոպիկ ամեոբա է, որն ապրում է տաք քաղցրահամ ջրերում։ Վարակումը կարող է տեղի ունենալ, երբ ամեոբա պարունակող ջուրը ընկնում է քթի մեջ, որից հետո միկրոօրգանիզմը կարող է թափանցել ուղեղ։ Վարակված ջուրը կլանելու դեպքում վարակում տեղի չի ունենում, իսկ հիվանդության փոխանցումը մարդուց մարդ անհնար է։
Ամեոբայի առաջացրած հիվանդությունը՝ առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտը, հանդիպում է արտակարգ հազվադեպ կերպով, սակայն արագ է զարգանում և գրեթե միշտ ավարտվում է մահվան ելքով։
Լուիզիանայի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ 1937-ից 2025 թվականներին ԱՄՆ-ում հաստատվել է Naegleria fowleri-ով վարակման ընդամենը 180 դեպք։ Այդ ժամանակահատվածում Լուիզիանայում գրանցվել է երեք դեպք։
Վաղ փուլերում վարակը կարող է արտահայտվել գլխացավով, բարձր ջերմությամբ, սրտխառնոցով և փսխումով։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց ի հայտ են գալիս պարանոցի մկանների լարվածություն, գիտակցության մթագնում, հալյուցինացիաներ, հավասարակշռության խանգարում և այլ ծանր նյարդաբանական ախտանիշներ։
Նախորդ շաբաթվանից սկսած Լիլիանը գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Մոր խոսքով՝ սկզբում աղջկան հոսպիտալացրել են բարձր ջերմությամբ, որին հետագայում ուղեկցել է աչքերի երկտեսությունը։
Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ հարավային և կենտրոնական նահանգներում, որտեղ ավելի տաք կլիման բարենպաստ պայմաններ է ստեղծում ամեոբայի գոյության համար։ Այնուամենայնիվ, հետազոտողները զգուշացնում են, որ կլիմայի փոփոխության պատճառով ջրի աստիճանական տաքացումը կարող է նպաստել Naegleria fowleri-ի տարածմանը այն տարածաշրջաններում, որտեղ նախկինում այն հանդիպում էր զգալիորեն ավելի հազվադեպ։
Լիլիանի մահը ծանր հարված էր Ռաստոնի բնակիչների համար։ Տեղի ձեռնարկությունները բարեգործական ակցիաներ են կազմակերպել նրա ծննդյան օրվա առթիվ՝ աղջկա բուժման ընթացքում ընտանիքին աջակցելու համար։ Քաղաքի բնակիչները Լիլիանին հիշում են որպես կենսախինդ երեխայի, ում շատերը լավ էին ճանաչում։
Աղջկա ծննդյանները հայտնել են, որ խորապես ցնցված են նրա մահով և շնորհակալ են բոլորին, ովքեր աջակցել են իրենց դստերը և ընտանիքին այս ծանր շրջանում։
Ավելի վաղ Naegleria fowleri-ով վարակման մահացու դեպքեր են գրանցվել նաև ԱՄՆ այլ նահանգներում, այդ թվում՝ Ջորջիայում և Նեբրասկայում։ Այդ դեպքերում ևս մասնագետները վարակումը կապում էին վարակված քաղցրահամ ջրի հետ շփման հետ։






