ՄԻԱՎ-կարգավիճակի մասին տեղեկություն կարելի ոչ միայն սովորական, այլեւ՝ շարժական՝ հաճախ ողջ երկրով մեկ շրջող եւ նույնիսկ հեռավոր գյուղեր հասնող լաբորատորիաներում ձեռք բերել: Իսկ ինչո՞վ են դրանք «սովորականներից» տարբերվում: Թեմայի շուրջ  NEWS.am Medicine-ի թղթակիցը «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական ՀԿ-ի ներկայացուցիչ Էլվինա Ազարյանի հետ է զրուցել: 

Սովորական լաբորատորիաներում ՄԻԱՎ-կարգավիճակն իմանալու համար հարկավոր է երակից արյուն հանձնել եւ պատասխանին 2-3 օր անց սպասել: Իսկ շարժական լաբորատորիաներում ՄԻԱՎ-ի հայտնաբերմանը միտված բոլորովին այլ հետազոտություններ են կիրառվում. դրանց համար հարկավոր է ընդամենը մատից արյուն հանձնել, եւ պատասխանը 10-15 րոպե անց պատրաստ կլինի:

Սակայն կարո՞ղ է արդյոք այդչափ արագ ստացված պատասխանը հավատարժան լինել: Էլվինա Ազարյանի վստահեցմամբ, շարժական լաբորատորիաներում իրականացվող հետազոտությունները, որպես կանոն, բարձր զգայունությամբ են աչքի ընկնում, եւ արդյունքներն էլ կարող են 99,8 տոկոսով հավատարժան համարվել: Կեղծ-բացասական արդյունքներ, նրա խոսքով, հաստատ չեն լինում:

Բացի այդ, շարժական լաբորիատորիան նաեւ որոշ առավելություններ ունի՝ ավելի մոտ է մարդկանց: Եթե այլ պարագայում հարկավոր է լաբորատորիա հասնել, շարժականին կարելի է նաեւ փողոցում հանդիպել: Ավելին, հեռավոր բնակավայրերում, որպես կանոն, «սովորական» լաբորատորիա հնարավոր չէ գտնել, մինչդեռ բնակիչներից քչերը կարող են ստուգվելու նպատակով Երեւան հասնել, ուստի մարզերի համար շարժական լաբորիատորիաները շատ եւ շատ օգտակար են: 

Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունը ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերմանը եւ դրա ու մի շարք այլ՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հայտնաբերման նպատակով իրականացվող հետազոտությունների հետ կապված կարծրատիպերի դեմ պայքարին միտված մի շարք միջոցառումներ է իրականացրել Երեւանում, որոնց շրջանակում հնարավոր էր անվճար ՄԻԱՎ-հետազոտություն անցնել՝ մայրաքաղաքով շրջող շարժական լաբորատորիաներից մեկում: Նմանատիպ միջոցառումներ նաեւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին կկազմակերպվեն: