Ինչպե՞ս սառը եղանակին, երբ զգացվում է մրգերի, բանջարեղենի եւ հատապտուղների անբավարարություն, ապահովել օրգանիզմը անհարժեշտ քանակությամբ վիտամիններով:  Այս մասին NEWS.am Medicine-ի հետ ցազրույցում պատմեց դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

«Սառեցված մրգերն ու բանջարեղենն օգտակար են, եթե իրենց մեջ պահպանել են վիտամինները»,- նշեց նա:  Տնային պայմաններում գրեթե անհնար է հասնել մեծ քանակությամբ օգտակար նյութերի պահպանմանը ցանկացած տեսակի պտղի մեջ: Ինչպես ջերմային մշակման , այնպես էլ դանդաղ սառեցման ժամանակ կորում է վիտամինների մեծ մասը:

Մինչդեռ պետք չէ հուսահատվել, քանի որ խանութներում  հնարավոր է գտնել սառեցված սննդամթերքներ, որոնք վայրկենապես են սառեցվել:  Այստեղ ամբողջ գախտնիքն այն է, որ տնային պայմաններում, երբ մրգերն ու բանջարեղենը սառեցվում են մի քանի ժամվա ընթացքում, վերջիններս կորցնում են գրեթե բոլոր օգտակար հատկությունները:  Իսկ արտադրողների մոտ առկա են սառեցման բացարձակապես այլ պայմաններ: Եթե դա տեխնիկապես լավ հագեցած գործարան է, ապա այնտեղ ժամանակակից սառնարաններում ցանկացած սննդամերք սառեցվում է վայրկենապես՝  գրեթե 100%-ով պահպանելով ձմռան ընթացքում այդքան անհրաժեշտ վիտամինները:

«Իհարկե մեր երկրում դա ոչ բոլորին է հասու, բայց ես խորհուրդ կտայի ձմռանը հենց խանութներից գնել սառեցված մթերքներ»,- նշեց դիետոլոը, ավելացնելով, որ շատ հիվանդություններից հնարավոր կլինի խուսափել՝ սննդակարգում սառեցված մրգեր, բանջարեղեն եւ հատապտուղներ ավելացնելով:

Պատասխանելով սառեցված կիսաֆաբրիկատների օգտակարությանը վերաբերող հարցին՝ Աբովյանը նշեց, որ դա «անօգուտ սնունդ է»: «Սառեցված մթերքներից օգուտը կլինի այն ժամանակ, երբ մարդն օգտագործի հատապտուղներ եւ բուսական սննդամթերք»,- ընդգծեց բժիշկը, ավելացնելով, որ սառեցված խինկալիները, կոտլետները եւ այլ դելիկատեսները վնաս են առողջությանը, եւ կարող են ճարպակալման պատճառ դառնալ: