Ամերիկյան կարգավորող մարմինները կասկած են հայտնում հնդկական դեղերի անվտանգության եւ արդյունավետության վերաբերյալ: ԱՄՆ-ում կարծում են, որ հնդկական ընկերությունները կեղծում են դեղամիջոցների թեստավորման արդյունքները և կեղծ դեղեր են վաճառում: Ամերիկյան իշխանություններն արգելել են մի քանի դեղամիջոցների ներմուծումը, որոնք վաճառվել են Cipro անտիբիոտիկի, Neurontin ցավազրկողի եւ ակնեի դեմ Accutane միջոցի փոխարեն, հայտնում է The Almagest-ը:

Բժիշկ Մարգարետ Համբուրգը՝ ԱՄՆ-ի Դեղորայքի եւ պարենամթերքի վարչությունից (FDA) վերջերս այցելել է Հնդկաստան եւ հանգել այն եզրակացության, որ այնտեղ մի քանի ընկերությունների բժշկական արտադրության որակի ոլորտում հսկայական թերություններ կան:

Ընդհանուր թվով ստուգվել է հնդկական ավելի քան 100 ընկերություն: ԱՄՆ-ի կողմից վերահսկողության խստացումն արդեն լուրջ խնդիրներ է առաջացրել Հնդկաստանի դեղագործների համար: Օրինակ՝ լրջորեն տուժել է Ranbaxy խոշոր ընկերությունը, որն անցած տարի արդեն խնդիրներ ունեցել է եւ $500 մլն տուգանք է վճարել:

Դեղագործությունը Հնդկաստանի տնտեսության հիմնական ուղղություններից է: Այս երկիրը տարեկան արտահանում է $15 միլիարդի դեղամիջոց: Բայց հիմա իրավիճակը կարող է փոխվել. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հնդկաստանում արտադրվող դեղերի 20%-ը կեղծ է: