Սննդի փաթեթավորման նյութերում պարունակվող քիմիական նյութերը կարող են ընկնել սննդի մեջ, ասում են հետազոտողները:

Համաճարակաբանության եւ հանրային առողջության ամերիկյան ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները նշել են, որ սննդի փաթեթավորման նյութերի ազդեցությունը կարող է անհանգստության լուրջ պատճառ լինել:

Հետազոտողները ենթադրում են, որ այդ փաթեթավորման նյութերում օգտագործվում է մոտ 4,000 քիմիկատ, այդ թվում՝ հայտնի կանցերոգեններ, որոնցից է ֆորմալդեհիդը: Հոդվածի հեղինակների կարծիքով՝ այդ քիմիկատները կարող են ներթափանցել սննդի մեջ, հայտնում է Fox News-ը:

Ներկայումս սննդամթերքների թունաբանության թեստերը չեն ներառում բջջային հնարավոր փոփոխությունների թեստեր: Այդ փոփոխությունների պատճառ կարող են դառնալ փաթեթավորման նյութերը: Փորձագետները պահանջում են փաթեթավորման նյութերում օգտագործվող քիմիկատների ազդեցության ավելի մանրամասն հետազոտություններ կատարել: