Մոր տարիքը պտղի վրա պաթոլոգիկ ազդեցություն չի թողնում, քանի որ ապագա երեխայի ԴՆԹ-ում մուտացիաների 97%-ի համար պատասխանատու է նրա հայրը: Այսպիսի եզրակացության են եկել Decode Genetics ընկերության գիտնականները:

Տասնամյակներ շարունակ գիտնականները հակված են եղել մտքին, որ մուտացիաների զարգացումը կախված է մոր տարիքից: Սակայն ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ Decode Genetics ընկերության մասնագետներն ապակոդավորել են իսլանդացի 78 ծնողների եւ նրանց երեխաների ԴՆԹ-ները եւ ուղղակի կապ են գտել հայրերի տարիքի եւ երեխաների՝ պաթոլոգիա առաջացնող այնպիսի մուտացիաների միջեւ, ինչպիսիք են՝ աուտիզմը կամ շիզոֆրենիան:

Գիտնականների խոսքով՝ տարիքի հետ տղամարդկանց սերմնահեղուկի որակն ընկնում է. սպերմատոզոիդների բջիջներում տեղի է ունենում գենոտիպի ձեւափոխում, ինչը հանգեցնում է գենետիկական վնասվածքների կամ մուտացիաների: Հավանականությունը, որ 40-ամյա հայրն իր երեխային գենետիկական մուտացիա կփոխանցի, երկու անգամ մեծ է:

«Հասարակությունն ավանդաբար կենտրոնացած է մոր տարիքի վրա, սակայն այնպիսի խանգարումները, ինչպիսիք են՝ աուտիզմը կամ շիզոֆրենիան, կախված են հոր տարիքից,- բացատրում է հետազոտության ղեկավար բժիշկ Քարի Սթեֆանսոնը Decode Genetics ընկերությունից:- Ուստի ես կարծում եմ, որ տարիքով մեծ հայրերի թվի ավելացումը սերտորեն կապված է աուտիզմով հիվանդ երեխաների ծնունդների թվի ավելացման հետ»: