• Latest news

Գիտնականներն առաջին անգամ կապ են հայտնաբերել դիետայի, աչքերի առողջության եւ կյանքի տեւողության միջեւ

7 հունիսի, 2022  20:34

Բաք ինստիտուտի հետազոտողներն առաջին անգամ կապ են հայտնաբերել դրոզոֆիլա ճանճի դիետայի, ցիրկադային ռիթմերի, աչքերի առողջության եւ կյանքի տեւողության միջեւ։ Հետազոտության շրջանակում, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում, նրանք անսպասելի հայտնաբերել են, որ ճանճի աչքերի պրոցեսները փաստորեն կառավարում են ծերացման պրոցեսը։

Այս կապի բացատրությունը, ըստ գիտնականների, ցիրկադային «ժամացույցի» մեջ է թաքնված։ Դրանք մոլեկուլյար մեխանիզմներ են ցանկացած օրգանիզմի յուրաքանչյուր բջջի ներսում, որոնք էվոլյուցիայի են ենթարկվել, որպեսզի հարմարվեն ամենօրյա սթրեսներին, ինչպիսին է լույսի եւ ջերմաստիճանի փոփոխությունը՝ կապված արեւի ծագելու եւ մայր մտնելու հետ։ Այդ 24-ժամյա  տատանումները՝ ցիրկադային ռիթմերը, ազդում են կենդանիների վարքի բարդ ձեւերի վրա, ինչպիսին են գիշատիչ-զոհ փոխգործակցությունը եւ քնի/արթուն մնալու ցիկլերը՝ ընդհուպ մինչեւ գեների տրանսկրիպցիայի մոլեկուլյար գործառույթների եւ սպիտակուցների տրանսլյացիայի ժամանակավոր կարգավորման ճշգրիտ կանոնակարգումը։

Գիտնականները նկատել են բազմաթիվ գեներ, որոնք ոչ միայն արձագանքել են դիետային, այլեւ ժամանակի տարբեր պահերի ցուցադրել են վերելքներ եւ անկումներ։ Նրանք նաեւ հայտնաբերել են, որ ռիթմիկ գեները, որոնք առավելագույն չափով ակտիվացել են սննդաբաժնի սահմանափակման դեպքում, բոլորը բխել են աչքից, մասնավորապես՝ ֆոտոռեցեպտորներից (հատուկ նեյրոններ աչքի ցանցաթաղանթում, որն արձագանքում է լույսին)։

Այս եզրահանգումը առիթ է տվել կատարելու մի շարք փորձեր՝ հասկանալու համար, թե ինչպես է աչքի ֆունկցիան ներառվում այն պատմության մեջ, թե ինչպես է սննդի սահմանափակումը երկարացնում կյանքը։ Գիտնականները փորձել են պարզել՝ ազդո՞ւմ են արդյոք գեներն աչքում, որոնք ռիթմիկ են եւ արձագանքում են սնվելու սահմանափակմանը, կյանքի տեւողության վրա։ Պատասխանը դրական էր։

Քանի որ աչքերը ենթարկվում են արտաքին աշխարհի ազդեցությանը, ինչպես բացատրել են գիտնականները,  դրանց իմունային պաշտպանությունը շատ ակտիվ է, ինչը կարող է հանգեցնել բորբոքման, որը, երկար ժամանակ մնալով, կարող է առաջ բերել կամ վատացնել զանազան տարածված քրոնիկական հիվանդություններ։ Լույսն ինքնին կարող է առաջ բերել ֆոտոռեցեպտորների դեգեներացիա, ինչը կարող է հանգեցնել բորբոքման։

Դեռ պետք է պարզել, թե ինչպես է աչքը կարգավորում կյանքի տեւողությունը, եւ արդյո՞ք այդ նույն էֆեկտը տարածվում է այլ օրգանիզմների վրա։

Հենց որ հետազոտողները հասկանան, թե ինչպես են գործում այս պրոցեսները, նրանք կկարողանան ազդել մոլեկուլյար ժամացույցի վրա, որպեսզի դանդաղեցնեն ծերացումը, նշել են գիտնականները՝ ավելացնելով, որ, գուցե, մարդիկ կարող են օգնել տեսողության պահպանմանը՝ ակտիվացնելով աչքերի «ժամացույցը»։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել