Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԵ) Զիկա վիրուսը փոխանցող մոծակների պոպուլյացիայի նվազեցման նոր մեթոդ է առաջարկել, տեղեկացնում է Reuters-ը:
Նկատի ունեն Aedes aegypti մոծակների արուներին ռենտգենային կամ գամմա-ճառագայթներով ճառագայթելը, որպեսզի նրանց սերմնանյութն ամուլ դառնա: Այդ մեթոդը մոտ 10 տարեկան է, այն ավելի վաղ կիրառվել էր այնպիսի միջատների պոպուլյացիաների նվազեցման համար, ինչպիսին են պտղային ճանճիկները:
Լաբորատորիաներում մշակում անցած մոծակների արուները բաց կթողնվեն վայրի բնության մեջ, որտեղ կզուգավորվեն նույն տեսակի էգերի հետ: Էգերը թերի ձվեր կդնեն, որոնցից թրթուրներ դուրս չեն գալիս, ինչի շնորհիվ տվյալ տարածքում միջատների քանակը կնվազի:
Գործակալության գլխավոր տնօրեն Ալդո Մալավազիի խոսքով, եթե Բրազիլիայում հսկայական քանակությամբ ամուլ արուներ բաց թողնվեն, մի քանի ամսից արյունածուծների քանակը կնվազի:
Տեխնոլոգիան մի քանի ամիս մշակվել է Իտալիայում. այնտեղ, որտեղ կիրառվել է, մոծակների պոպուլյացիան կրճատվել է մոտավորապես հինգ անգամ: Չինաստանում արդյունքը եղել է միջատների հարյուր տոկոսով անհետացումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փետրվարի 1-ին ընդունել է, որ Զիկա տենդի արագ տարածվող վիրուսը համաշխարհային մասշտաբի սպառնալիք է եւ արտակարգ դրություն է հայտարարել:
ԱՀԿ-ի ղեկավար Մարգարեթ Չենը միջազգային հանրությանը կոչ է արել Զիկա վիրուսին համադրված պատասխան տալ:
«Ես հայտարարում եմ, որ վերջին ժամանակներս Լատինական Ամերիկայում միկրոցեֆալիայի եւ այլ նյարդաբանական խախտումների մակարդակը նման է 2014-ին Ֆրանսիական Պոլինեզիայի վիճակին եւ առողջապահության ոլորտում ծայրահեղ վտանգ է ներկայացնում», - հայտնել է նա: ԱՀԿ-ի այդ հայտարարությունը Զիկան դնում է ռիսկի նույն կատերգորիայի մեջ, ինչ Էբոլայի վիրուսը:
Փորձագետների գնահատականով, 2016-ին Ամերիկա մայրցամաքի Զիկա վիրուսով վարակված բնակիչների թիվը կարող է 4 մլն մարդու հասնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր