Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների նշիչ լինի, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները:
Հակամարտություններ լինում են ցանկացած ամուսնությունում, բայց մարդիկ դրանց տարբեր կերպ են արձագանքում, եւ արձագանքման այդ միջոցը կարող է օգնել` կանխատեսելու հետագա կյանքում առողջական խնդիրների զարգացումը, ասում են հետազոտողները:
Հակամարտությանը հակազդելու սովորության եւ առողջության միջեւ կապը հաստատվել է գիտական հետազոտության ընթացքում, որում բժիշկները վերլուծել են ընտանեկան զույգերի պահվածքը վեճերի ժամանակ: Ամուսինների միջեւ հակամարտության յուրաքանչյուր դիպված, որը վերլուծվել է հեղինակների կողմից, 15 րոպե է տեւել: Հակամարտության պայմաններում մարդկանց հուզական պահվածքի 15 րոպեանոց դիտարկումը մասնագետների խոսքով բավարար է` որոշելու առաջիկա 20 տարվա ընթացքում նրանց հնարավոր առողջական խնդիրները:
Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ այն մարդիկ, որոնք հակված են կորցնելու ինքնատիրապետումը եւ կատաղության մեջ ընկնելու իրենց համար տհաճ շփման ընթացքում, ավելի հաճախ են տառապում զարկերակային բարձր ճնշումից: Իսկ այն մարդիկ, որոնք ի վիճակի են պահպանել հանգստությունը եւ բուռն հույզեր ի ցույց չդնել, պարզվել է, առավել ենթակա են ցավային համախտանիշի, օրինակ` թիկունքի ցավերի:
«Ստացված արդյունքները ցույց են տալիս, թե մեր հույզերն ինչպես են կապված առողջության հետ, ինչպես նաեւ, թե ժամանակի ընթացքում մեր պահվածքն ինչպես կարող է առողջության համար բացասական հետեւանքներ կանխատեսել», – եզրափակել է նախագծի առաջատար մասնագետ, հոգեբան Ռոբերտ Լեւենսոնը:
Հետազոտողները նշում են, որ հակամարտության ընթացքում հույզերի եւ առողջության միջեւ կապը հատկապես վառ է դրսեւորվում տղամարդկանց մոտ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր