• Latest news

Էնդոպրոթեզավորում. կադրեր վիրահատությունից

23 մարտի, 2014  00:02

Նյութը պարունակում է տեսարաններ բաց վիրահատությունից

«Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում հերթական էնդոպրոթեզավորման վիրահատությունն էր։ Այս տիպի վիրահատությունների թիվը Հայստանում այդքան շատ չէ, իսկ պատճառներն են՝ վիրահատության բարձր գինն ու ժողովրդի անտեղյակությունը։

Ինչպես վիրահատությունից առաջ NEWS.am Medicine-ին պարզաբանեց վնասվածքաբան Ռուբեն Գալստյանը, մոտ 3000 դոլար արժի միայն պրոթեզը, իսկ այս տիպի վիրահատությունները չեն իրականացվում ոչ պետպատվերի շրջանակներում, ոչ էլ սոցիալական փաթեթի միջոցներով։ Այսինքն, հիվանդը ինքն է վճարում ամբողջ արժեքը։

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ էնդոպրոթեզավորումը՝ արհեստական հոդի տեղադրումը։ Այն սովորաբար կատարվում է օսթեոարթտրոզ կոչվող հիվանդության բարդացած դեպքերում։

Օստեոարթրոզները, ըստ բժշկի, առաջանում են առաջին հերթին տարիքային տարբեր հորմոնալ փոփոխությունների պատճառով, ինչպես նաեւ իդիոպաթիկ, այսինքն անհայտ ծագումնաբանությամբ։ Երկրորդ հերթին դա հետտրավմատիկ օստեոարթրոզներն են, որոնք առաջանում են կոտրվածքներից հետո։ Երրորդ խումբը կազմում են հիվանդները, որոնց մոտ տարբեր տեսակի հիվանդությունների հետեւանքով առաջանում է ասեպտիկ նեկրոզ՝ գլխիկի քայքայում։

Ստորեւ տեսանյութում սխեմատիկ կերպով ներկայացվում է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման ընթացքը.

 

Այդ վիրահատության ընթացքում հեռացվում է ազդոսկրի գլխիկը եւ փոխարինվում է պրոթեզով: Ազդոսկրի խոռոչը լայնացվում է եւ այնտեղ տեղադրվում է մետաղական գլխիկ:

Կոնքազդրային հոդի փոխարինման վիրահատությունը բավական լուրջ վիրահատություն է, ասված է տեսանյութում, որում նկարագրվում է վիրահատության ընթացքը.

«Անեսթեզիայից հետո վիրաբույժները կտրվածք են անում ազդրի վրա: Մաշկը բացում են՝ մկանային հյուսվածքին հասնելու համար: Հետո եւս մեկ կտրվածք է արվում կոնքազդրային հոդին հասնելու համար:

Հետո թիմն ազդրի ոսկորը հանում է իր գնդիկի միջից: Հատուկ վիրաբուժական սղոցի օգնությամբ վիրաբույժը զգուշությամբ հեռացնում է ազդոսկրի գլխիկը: Հետո մեծ արագություն ունեցող շաղափի օգնությամբ ազդոսկրի վերին հատվածում անցք  է բացում:

Անհրաժեշտ չափի ազդոսկրի մետաղական գլխիկը դրվում է անցքի մեջ: Հետո վիրաբույժը հարթում է ազդոսկրի խոռոչի ներքին մակերեսը: Երբ խոռոչը մաքրվում է, նա մի քանի պտուտակի միջոցով ամրացնում է մետաղական գնդիկը: Ազդոսկրի մետաղական գլխիկը ներդրվում է մետաղական գնդիկի մեջ:

Բժիշկների թիմը համոզվում է, որ պրոթեզն անհրաժեշտ չափի է եւ կարող է շարժվել անհրաժեշտ բոլոր ուղղություններով:  Մկաններն ու մյուս հյուսվածքները լուծվող կարերի միջոցով կարվում են: Բժիշկները կարող են նաեւ ավելորդ հեղուկը հանող ժամանակավոր խողովակ դնել: Եվ վերջապես, բժիշկները կարում են մաշկը եւ դրա վրա ախտահանված պաշտպանական միջադիրներ են դնում»:

Պացիենտը, որին «Մալաթիա» ԲԿ-ում կատարեցին աջ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում, 66 տարեկան է։ 20 տարի առաջ նա ունեցել է տրավմա ազդրոսկրի պրոքսիմալ հատվածում, մեկ տարի անց վարակ է անցել։ Մետաղական կոնստրուկցիան հանելուց հետո վարակը վերացել է, սակայն վիրահատությունից տաս տարի անց հիվանդի մոտ սկսել են ցավեր, շարժումների սահմանափակում, վերջույթի կարճեցում։

Վիրահատությունը կատարեց բժիշկների բրիգադը ԲԿ-ի վնասվածքաբանության եւ օրթոպեդիկ բաժնի վարիչի՝ Խորեն Պետրոսյանի գլխավորությամբ։

Լուսանկարները Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել