• Latest news

Կարելի՞ է արդյոք փոքր երեխաներին քաղցրեղեն տալ

21 նոյեմբերի, 2016  21:34

Շատ ծնողներ ոչ միայն երեխաներին թույլ են տալիս կոնֆետ ուտել եւ քաղցր գազավորված ըմպելիքներ խմել, այլ նաեւ մրգի եւ բանջարեղենի խյուսի մեջ շաքար են ավելացնում՝ մտածելով, որ այդպես դրանք ավելի համեղ են լինում։ Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը վստահ է, որ դա սխալ սննդային հակումներ է ձեւավորում երեխաների մոտ եւ կարող է հետագայում լրջորեն վնասել առողջությանը։

Մասնագետի խոսքով՝ մինչեւ 3 տարեկան երեխաներին առհասարակ չի կարելի շաքար կամ շաքարին փոխարինող նյութեր պարունակող մթերք տալ։ Բանն այն է, որ հենց այդ տարիքում են երեխայի մոտ ձեւավորվում սննդային հակումները, եւ եթե նա մինչեւ 3 տարեկանը սովորի քաղցր ուտել, նա, առանց հասկանալու, թե որ ուտելիքն է օգտակար, իսկ որը՝ վնասակար, անընդհատ քաղցր կուզի ուտել։ Հենց այդպես էլ սկսվում է այսպես կոչված շաքարային թմրամոլությունը։

Որպեսզի երեխային դուր գա առողջ սնունդը, նրան պետք է մանկությունից հենց նման ուտելիք տալ, այդ ժամանակ նա կվարժվի դրան։ 6 ամսականից խորհուրդ է տրվում կրծքի կաթին զուգահեռ տալ մրգեր, բանջարեղեն, ամբողջահատիկավոր մթերքներ եւ միս։ Բնականաբար այդ ամենը պետք է պատրաստել առանց շաքարի եւ աղի նվազագույն քանակության։ Պետք չէ մտածել, որ առանց շաքարի եւ աղի, ուտելիքն անհամ կթվա երեխային։ Չպետք է մոռանալ, որ երեխաների մոտ նոր–նոր են ձեւավորվում համային նախապատվությունները, եւ նա դեռեւս չգիտի, թե ինչն է համեղ, ինչը՝ ոչ։ Համեղ կթվա այն ուտելիքը, որին կվարժվի։

Շատ ծնողներ, չհասկանալով, թե ինչի կարող են բերել իրենց արարքը, քաղցրն օգտագործում են որպես պարգեւատրում կամ պատիժ։ Եթե երեխան լավ բան է անում, նրան քաղցրավենիք են տալիս կամ հակառակը, վատ արարքի համար զրկում են կոնֆետից ու գազավորված ըմպելիքներից։ Դա, իհարկե, նույնպես իր ավանդն է ունենում երեխայի մոտ շաքարից կախվածություն ձեւավորելու մեջ։

Հասմիկ Աբովյանը նշեց, որ երեխաների ճնշող մեծամասնությունը, որոնք առանց հսկողության քաղցր են ստացել, բախվել են ավելորդ քաշի կամ ճարպակալման խնդրին կամ մանուկ հասակում կամ երբ մեծացել են։ Եթե նայենք մեր շուրջ, ապա ավելորդ քաշով երեխաների թիվը գնալով աճում է, հատկապես Հայաստանում, որտեղ քաղցրավենիքը վաճառվում է անգամ դպրոցի ճաշարաններում։ Ավելին՝ առանց վերահսկողության քաղցր օգտագործող երեխաների մոտ հաճախ 2-րդ տեսակի շաքարախտ են ախտորոշում, որը մինչեւ վերջերս վերջերս մեծահասակների հիվանդություն էր համարվում, քանի որ 2 տեսակի շաքարախտն ուղղակիորեն կապ ունի կենսակերպի եւ սննդի հետ։

Դիետոլոգը կարծում է, որ 2 տեսակի շաքարախտ ունեցող երեխաների ծնողներին ճիշտ կլիներ քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ նրանց երեխաները հիվանդացել են հենց նրանց մեղքով, թե ինչպես են նրանց կերակրել եւ ինչպես են հետեւել նրանց առողջությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել