• Latest news

ԱՆ արձագանքը Սյունիքում ծննդկանի մահվանը. Բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները թեստավորում կանցնեն

27 դեկտեմբերի, 2016  15:35

Սյունիքի մարզում ծննդկանի մահվան դեպքից հետո Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարարվել է վեցամսյա ժամկետում երկրի բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորում անցկացնել: Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ 2016-ի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ ի պատասխան այն հարցին, թե շարունակո՞ւմ է կարծել, որ մահվան դեպքերը իրավապահ մարմինների գործն է, թե՞ այնուամենայնիվ, կարծում է, որ նախարարությունն իր իրավասություններն ունի: Եվ՝ ի՞նչ քայլեր են կատարվում յուրաքանչյուր կոնկրետ դեպքից հետո:

Նրա խոսքով՝ հիվանդի մահվան յուրաքանչյուր դեպքից հետո նախարարությունը մշտապես ձեռնարկել է, ձեռնարկում է եւ կձեռնարկի իր քայլերը: «Այս դեպքերը կանխելու համար մենք որոշել ենք փոքր-ինչ այլ ճանապարհով գնալ: Սյունիքում ցավալի դեպքից հետո հրաման եմ ստորագրել, որի համաձայն՝ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը վեց ամսվա ընթացքում հանրապետության բոլոր (ավելի քան 900) մանկաբարձ-գինեկոլոգների հետ պետք է հարցազրույցներ, թրենինգներ եւ ատեստացիա անցկացնի: Բոլորը թեստավորում եւ հարցազրույց կանցնեն, որից հետո գլխավոր մասնագետը նրանց աշխատանքը անձամբ կերաշխավորի: Ցավոք, նախարարությունը հիմա լծակներ չունի, որպեսզի կասեցնի այն մասնագետների աշխատանքը, որոնք թեստավորումը չեն անցնի: Սակայն նախարարությունում համապատասխան փոփոխությունների փաթեթ է մշակվում, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա բժշկական ոչ պատշաճ ծառայություններ մատուցելու դեպքում կասեցնել բժշկի լիցենզիան»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ նախարարությունը նաեւ ավարտել է բժիշկների էթիկայի վերաբերյալ կանոնների գերմանական ժողովածուի թարգմանությունը: «Ճիշտ է, մեր բժիշկները Հիպոկրատի երդում են տալիս, բայց մենք որոշել ենք, որ ճիշտ կլինի այդ ամենը ձեւակերպել նախարարի հրամանով եւ պարտադիր դարձնել, եւ դա կկատարվի 2017-ի առաջին եռամսյակում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում հղիության 37-38-րդ շաբաթում մահացել են 26-ամյա ծննդկանը եւ նրա երեխան: Բժիշկների խոսքով՝ երեխան մահացած էր դեռեւս մոր արգանդում, ինչը եւ մոր մոտ արյունահոսություն է առաջացրել: Բժիշկները փորձել են նրա արգանդը պահպանել, քանի որ կինն առաջնածին էր, բայց արդյունքում նա եւս մահացել է:

Նշենք, որ վերջին ամիսներին Հայաստանում սա արդեն չորրորդ դեպքն է, երբ ծննդկանները մահանում են հետծննդյան արյունահոսության հետեւանքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել