• Latest news

Ինչու՞ մինչեւ 1 տարեկան երեխաներին չի կարելի կովի կաթ խմել

12 հունվարի, 2017  18:10

Մեծահասակների համար կովի կաթը շատ օգտակար մթերք է՝ հարուստ սպիտակուցներով եւ կալցիումով։ Սակայն այն՝ որպես մանկական սնունդ, հարմար չէ, ավելին՝ մինչեւ 1 տարեկան երեխաների համար կովի կաթ խմելը կարող է վտանգավոր լինել։ Ցավոք, շատ ծնողներ դա չգիտեն եւ կրծքի կաթի փոխարեն նորածիններին կովի կաթ են տալիս։

Ինչու՞ չի կարելի դա անել։ Հարցի պատասխանը NEWS.am Medicine–ի թղթակցին օգնել է գտնել մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանը։

Կովի կաթի մեջ սպիտակուցներն ավելի շատ են, քան կրծքի կաթի մեջ, իսկ նորածնի օրգանիզմը դեռ պատրաստ չէ մարսել եւ  յուրացնել նման քանակությամբ ոչ պիտանի սպիտակուց։ Կովի կաթը կարող է վնասել երեխայի աղիների լորձաթաղանթը, ինչը բաց արնահոսության, երկաթի պակասի, հեմոգլոբինի մակարդակի անկման եւ այլ խնդիրների պատճառ է դառնում։

Սպիտակուցի քանակը միակ տարբերությունը չէ կովի եւ կրծքի կաթի բաղադրություններում։ Կովի կաթը շատ կալցիում, նատրիում, ֆոսֆոր, քլոր, մագնիում եւ կալիում է պարունակում։ Մեծահասակի համար այդ նյութերն օգտակար են, բայց նորածնի օրգանիզմին դրանք պետք չեն։ Երեխայի միզուղիներն ի վիճակի չեն արդյունավետ դուրս բերել օրգանիզմից այդ նյութերը, ինչի  հետեւանքով երիկամները սկսում են լուրջ ծանրաբեռնվածությամբ աշխատել։

Բացի այդ, կովի կաթի մեջ շատ մեծ քանակությամբ կազեին կա, իսկ ածխաջրեր, յոդ, ցինկ, պղինձ, վիտամին С եւ Е՝ քիչ։ Այն քիչ է պարունակում  նաեւ երեխայի ուղեղի զարգացման  համար անհրաժեշտ անփոխարինելի ճարպաթթուներ եւ կիսահագեցած ճարպաթթուներ։ Կովի կաթում երկաթի պարունակությունը նույնպես քիչ է, դրանում գրեթե բացակայում են ֆոլաթթուն, տաուրինի եւ ցիստինի ամինաթթուները։

Այսպիսով՝ կովի կաթն իր բաղադրության մեջ նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են հորթի աճի եւ զարգացման համար, բայց ոչ երեխայի։ Այդ պատճառով մինչեւ 6 ամսական երեխաներին մանկաբույժը խորհուրդ է տալիս կերակրել բացառապես կրծքի կաթով, իսկ 6 ամսականից հետո հավելյալ սնունդ տալ։ Մասնագետը նաեւ նշեց, որ կանանց ճնշող մեծամասնությունն իրականում կարող են կրծքով կերակրել, եւ նման սնունդը երեխայի համար ավելի օգտակար է, քան կովի կաթը կամ այլ արհեստական կերերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է