• Latest news

Ինչո՞ւ չի կարելի հակաբիոտիկներն օգտագործել գրիպի դեպքում բարդությունները կանխելու նպատակով

2 մայիսի, 2017  18:52

Վերջին ամիսներին աշխարհի մասնագետներն ավելի ու ավելի հաճախ են խոսում հակաբիոտիկների սխալ օգտագործման հետ կապված վտանգների մասին, սակայն, չնայած դրան, մարդկանցից շատերը շարունակում են հակաբիոտիկներ ընդունել ոչ թե կոնկրետ բակտերիալ ինֆեկցիայի բուժման, այլ ուրիշ հիվանդությունների, օրինակ՝ գրիպի դեպքում հնարավոր բարդությունների կանխարգելման համար:

Դեղագործ Նարինե Միրզոյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հիշեցրեց, որ այդպես վարվել չի կարելի. հակաբիոտիկները ստեղծվել են բակտերիաների ոչնչացման համար, այլ ոչ թե բարդությունների կանխարգելման՝ ինչպիսին էլ դրանք լինեն:

Մասնագետի պարզաբանմամբ՝ տարածված կարծիքին հակառակ, վիրուսային հիվանդությունների դեպքում, ինչպիսին գրիպն է, բակտերիալ բարդությունները բավականին հազվադեպ են պատահում եւ ամենեւին էլ ոչ բոլոր վիրուսային հիվանդությունների դեպքում: Նույնիսկ եթե նման բարդությունների առաջացման հավանականությունը բավական բարձր է, հակաբիոտիկների ընդունումը չի օգնի դրանք կանխելուն՝ այն միայն կխորացնի հիվանդության ընթացքը եւ իր ավանդը կունենա դեղերի նկատմամբ կայուն բակտերիաների շտամների տարածման մեջ:

Վիրուսային հիվանդության դեպքում հակաբիոտիկների «կանխարգելիչ» ընդունումը կթուլացնի իմունային համակարգը, եւ օրգանիզմի համար ավելի դժվար կլինի հիվանդության դեմ պայքարելը: Տեսականորեն նման «կանխարգելումից» հետո բարդությունների առաջացման վտանգը միայն մեծանում է: Ավելին՝ եթե անգամ նման բարդություն իսկապես առաջանա, մեծ կլինի հավանականությունը, որ հիվանդի օրգանիզմում ակտիվորեն բազմանալ սկսած բակտերիաներն այլեւս զգայուն չեն լինի այն հակաբիոտիկի նկատմամբ, որը նա խմել է «կանխարգելման» համար: Այդ ժամանակ ստիպված կլինեն այլ, ավելի հզոր հակաբիոտիկներ փնտրել՝ այդ բակտերիան հաղթահարելուն ընդունակ: Իսկ դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ հակաբիոտիկակայունությունն ավելի արագ է տարածվում, քան նոր հակաբիոտիկներ են մշակվում, եւ այսօր արդեն բակտերիաներ կան, որոնք կայուն են գոյություն ունեցող բոլոր դեղամիջոցների նկատմամբ: Նշենք, որ վերջերս ԱՀԿ-ը հրապարակել է հակաբիոտիկների նկատմամբ կայուն 12 «գերակա ախտածինների» ցուցակը, որոնք մարդու առողջությանն ամենամեծ վտանգն են ներկայացնում:

Դրանից բացի, չպետք է մոռանալ, որ բոլոր դեղերը կողմնակի էֆեկտներ ունեն, հիշեցրեց դեղագործը: Ուստի խորհուրդ չի տրվում դրանք խմել առանց պատճառի, կանխարգելման համար: Բացառություն կարող են լինել միայն այն դեպքերը, երբ լուրջ հիմնավորման առկայությամբ կանխարգելման նպատակով դեղը կնշանակի բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է