• Latest news

Մինչեւ 6 ամսական երեխաների՝ բացառապես կրծքով կերակրելու ցուցանիշը Հայաստանում հասել է 45% -ի

3 օգոստոսի, 2017  17:38

2015թ. Հայաստանում իրականացված ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության տվյալներով՝ մինչեւ 6 ամսական երեխաների՝ բացառապես կրծքով կերակրելու ցուցանիշը հասել է 45% -ի (2010թ. այն եղել է 35%):

Կրծքով սնուցումն առանցքային դեր ունի նաեւ Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին: Այն բարելավում է սնուցումը (ԿԶՆ 2), կանխարգելում մանկական մահացությունը եւ նվազեցնում ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկը (ԿԶՆ 3), ապահովում կոգնիտիվ զարգացումն ու կրթությունը (ԿԶՆ 4):

Կրծքով սնուցման խրախուսման նախաձեռնությունը Հայաստանում սկսվել է դեռեւս 1993թ.: 1994թ. ՀՀ ԱՆ կողմից հաստատված ծրագրի շրջանակներում  ներդրվել է «Մանկանը բարեկամ ծննդատուն» նախաձեռնությունը, որը ենթադրում էր կրծքով սնուցման խրախուսման եւ աջակցման գործելակերպի խթանում բուժաշխատողների ու ծնողների շրջանում, ինչպես նաեւ հիմնարար կազմակերպա-կառուցվածքային փոփոխությունների իրականացում ծննդօգնության հաստատություններում։

Հայաստանն առաջինն աշխարհում նախաձեռնեց «Մանկանը բարեկամ» պոլիկլինիկա ծրագիրը, որը մեծ հավանության արժանացավ ԱՀԿ-ի եւ կրծքով սնուցմանը սատարող միջազգային այլ կառույցների կողմից:

2015թ. ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Կրծքով  կերակրման   խրախուսման ազգային ծրագիրը», որով սահմանվել են նոր նպատակներ եւ ուղենիշներ:

2015-2016թթ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հետ իրականացվել է «Կարեւոր է առաջին 1000 օրը» քարոզարշավը, որի ընթացքում մշակվել են վաղ տարիքի երեխաների սնուցման ուղեցույցներ, բազմաթիվ տեղեկատկան նյութեր, իրականցկացվել կրծքով սնուցման խրախուսմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ:

Կրծքով կերակրման խրախուսման իրականացմանն ուղղված միջոցառումները աշխարհում հայտնի են որպես երեխայի առողջ աճին ու զարգացմանն ուղղված առավել արդյունավետ եւ քիչ ծախսատար ռազմավարություն: Եվ պատահական չէ, որ ողջ աշխարհն այս խնդրի լուսաբանմանն է նվիրում մի ամբողջ շաբաթ:

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2017 թվականի օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖը, ԱՀԿ-ն եւ Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ են անում պետություններին ներդրում կատարել կրծքով կերակրումը խթանելու ուղղությամբ:

Հաստատված է, որ վաղ մանկության շրջանում առողջ աճի եւ զարգացման ապահովման, մանկական մահացության կանխարգելման կարեւորագույն նախապայման է մանուկների կրծքով սնուցումը: Ապացուցված է, որ մինչեւ 1 տարեկան կրծքով սնվող երեխաների մահացության ռիսկը շնչառական եւ փորլուծային հիվանդություններից 7-10 անգամ ցածր է արհեստական սնվողների համեմատությամբ: Միայն ի հաշիվ այս գործոնի մանկական մահացությունը կարելի է կրճատել 10 %-ով: 

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսի բնորոշմամբ` «Կրծքով սնուցումը նորածինների համար ապահովում է կյանքի լավագույն սկիզբը: Կրծքի կաթը նորածինների համար հանդիսանում է որպես առաջին պատվաստանյութ` պաշտպանելով նրանց հնարավոր մահացու հիվանդություններից եւ տալով սնուցում, որն անհրաժեշտ է ապրելու եւ զարգանալու համար»:

«Կրծքով սնուցումը մեկն է առավել արդյունավետ եւ ծախսարդյունավետ ներդրումներից, որը պետությունները կարող են անել իրենց երկրների ամենափոքրիկ անդամների ու տնտեսության եւ հասարակության առողջ ապագայի ապահովման համար»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖԻ գործադիր տնօրեն Անտոնի Լեյքը:

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

մանկանը կրծքով կերակրել ծնվելուց  հետո առաջին 1 ժամվա ընթացքում

բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին 6 ամիսներին

լիարժեք եւ առողջ սնուցում  ապահովել  6 ամսականից մինչեւ 2 տարեկանը՝ կրծքով կերակրման հետ մեկտեղ։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է