• Latest news

Հայաստանում արեւադարձային մալարիայի դեպք է գրանցվել

31 օգոստոսի, 2017  19:01

Վերջերս Հայաստանում արեւադարձային մալարիայի դեպք է գրանցվել։ NEWS.am Medicine-ի տվյալներով՝ հիվանդը Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցի ուսանողուհի է, որը վերջերս է եկել Հարավային Սուդանից։ Հայաստան գալուց կարճ ժամանակ անց աղջկա ինքնազգացողությունը վատացել է, նրան «Նորք» բժշկական կենտրոն են տեղափոխել, որտեղ էլ նրա մոտ մալարիա են ախտորոշել։

«Նորք» ԲԿ-ի գլխավոր բժիշկ, առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հիվանդին ընդունել են ծանր, անգիտակից վիճակում եւ բարձր ջերմությամբ։ Ախտորոշումից անմիջապես հետո սկսել են բուժումը. դեղերի մի մասը տրամադրել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։

Հիմա՝ եռօրյա բուժումից հետո, հիվանդը գիտակցության է եկել, նա ավելի լավ է զգում։ Աղջկա կյանքին այլեւս վտանգ չի սպառնում։ Ըստ Ասոյանի՝ լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ հոսպիտալացման պահին առնվազն 10 օր աղջիկն արդեն հիվանդ է եղել, այսինքն՝ Հայաստան է եկել արդեն վարակված։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են՝ երկրում հիվանդության տարածումը կանխելու համար։ Հիվանդն անհրաժեշտ բուժում է ստանում մոծակներից մեկուսացած։

Բացի այդ՝ Դիլիջանում մոծակների դեմ պայքարին ուղղված լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում։ Այդպիսի միջոցառումներ, ըստ Նունե Բակունցի, ժամանակ առ ժամանակ անցկացվում են Հայաստանի ամբողջ տարածքում՝ նպատակ ունենալով կանխարգելել մալարիան եւ մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունները։ Սակայն հիմա առավելապես կենտրոնացած են այն վայրի վրա, որտեղ ապրում է մալարիայով հիվանդը։

«Մալարիան վարակակրից մեկ այլ մարդու չի փոխանցվում, հետեւաբար՝ հիվանդը վտանգ չի ներկայացնում: Ավելին, մեխանիկական ճանապարհով եւս հիվանդությունը չի փոխանցվում. եթե մոծակը խայթում է հիվանդ մարդու, ապա՝ առողջ, վարակը չի փոխանցվում։ Որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որից հետո մոծակը կդառնա մալարիայի փոխանցող»,- նշեց մանագետը:

Մալարիան տրանսմիսիվ ինֆեկցիոն հիվանդությունների խումբ է, որոնք մարդուն փոխանցվում են Anopheles տեսակի էգ մոծակների խայթոցի հետեւանքով: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ ամեն տարի աշխարհում մալարիայով վարակվելու 124-283 մլն դեպք է գրանցվում, 367-755 հազարը՝ մահվան ելքով:

2011 թվականի հոկտեմբերի 7-ին ԱՀԿ-ն Հայաստանին մալարիայից զերծ երկրի կարգավիճակ է շնորհել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է