• Latest news

Հայտնի ամերիկացի ուրոլոգը Հայաստանին նոր սերնդի քարափշրման ապարատ է նվիրել

28 սեպտեմբերի, 2017  21:49
Ամերիկացի հայտնի ուրոլոգ եւ բարերար Կարո Դերձակյանը «Իզմիրլյան» բուժկենտրոնին նվիրել է  KARL STORZ ընկերության նոր սերնդի հեռահար հարվածալիքային քարափշրման ապարատ։ Սա առաջին բժշկական սարքավորումը չէ, որը Կարո Դերձակյանի շնորհիվ բերվել է Հայաստան։ 30 տարի շարունակ նա հայ ուրոլոգներին ապահովում է արդիական սարքավորումներով եւ օգնում նրանց յուրացնել նոր տեխնոլոգիաներ։ Վերջին 12 տարիների ընթացքում նա աշխատում է «Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքի հետ։

Նոր Storz Modulith SLX հեռահար քարափշրման սարքավորման շնորհանդեսի ժամանակ Կարո Դերձակյանը պատմեց, որ ԱՄՆ-ում իր գործընկերներից շատերը, այդ թվում հայերը, մշտապես հարցնում են․ «Ինչո՞ւ ես քո արձակուրդը միշտ Հայաստանում անցկացնում ու այդքան օգնում հայ բժիշկներին։ Ի՞նչ ես ստանում դրա փոխարեն»։ «Բժիշկների երախտագիտությունը եւ բուժված հիվանդների երջանկությունը»,- պատասխանում է նրանց Կարո Դերձակյանը։

Առաջին անգամ չէ, որ նորագույն բժշկական սարքավորումներ Հայաստան մատակարարելու հարցում նրան օժանդակում է HealthTronics ընկերության փոխնախագահ Գարի Կոզենը։ «Առաջ նա անգամ չգիտեր, թե որն է Հայաստանը, բայց նախորդ տարի, երբ այցելեց Երեւան, իրեն շատ շոյված զգաց՝ իմանալով, որ այն երկրում, որի մասին ինքը նույնիսկ չէր լսել, իրեն ճանաչում ու գնահատում են»,- ասել է Կարո Դերձակյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում։

«Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Արթուր Գրաբսկին պատմել է, որ Կարո Դերձակյանի առաջին այցը դեռեւս շենքային անմխիթար պայմաններում գտնվող «Սուրբ Ներսես Մեծ» բուժկենտրոն (նախկին Պրոկտոլոգիայի ինստիտուտ, ներկայումս՝ «Իզմիրլյան» ԲԿ) տեղի է ունեցել 2005թ-ին։ Հենց այդ ժամանակ էլ նա մատուցել է իր առաջին նվերը՝ ՈՒՁՀ սարքավորում՝ նախատեսված շագանակագեղձի գերաճի ախտորոշման եւ տրանսռեկտալ բիոպսիայի համար։ Նույն տարվա ընթացքում նա բուժկենտրոնին տրամադրել է նաև KARL STORZ ընկերության առաջին հեռահար հարվածաալիքային լիտոտրիպտորը, որը թույլ է տալիս առանց ցավազրկման կատարել քարափշրում։

Նոր սարքավորումը նախկինի ավելի հզորացված և ժամանակակից անալոգն է։ «Նախկին լիտոտրիպտորը շարժական է։ Այն մեզ հնարավորություն է տալիս քարերը մանրացնել ՈՒՁՀ հսկողության ներքո։ Նոր սարքավորումն ունի ավելի հզոր գեներատոր ու հնարավորություն կտա մանրացնել ավելի խոշոր եւ ավելի կարծր քարերը։ Դրա աշխատանքային գլխիկի տրամագիծը կրկնակի մեծ է, ինչի շնորհիվ բուժման ընթացքը կդառնա ավելի անցավ ու արդյունավետ»,- ասել է նա։

Բաժանմունքի ղեկավարի խոսքերով՝այդ երկու հեռահար քարափշրման սարքավորումները, ինչպես նաեւ, դարձյալԿարոԴերձակյանի աջակցությամբ մատակարարված էնդոսկոպիկ կոնտակտային լիտոտրիպսիայի համար նախատեսված գերհզոր լազերը,բուժկենտրոնին հնարավորություն կտան ընդգրկել միզաքարային հիվանդությամբ տառապող հիվանդների ամբողջ սպեկտրը։

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը հավելեց, որ նոր լիտոտրիպտորը բուժկենտրոնին հնարավորություն է տալիս հիվանդների բուժումն իրականացնել ժամանակակից բուժման բոլոր մեթոդներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է