• Latest news

Ինչո՞ւ է այդքան կարեւոր առողջ սննդակարգը դեռահասության տարիքում․ հետազոտություն

30 հոկտեմբերի, 2017  19:42

Հայաստանում ծնողները քիչ են ուշադրություն դարձնում երեխաների սննդակարգին․ այս մասին են վկայում 2013-2014 թթ․ անցկացված «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքները։ Մինչդեռ դեռահասության տարիքում (10-15 տարեկան) ճիշտ սննդակարգը շատ կարեւոր է, քանի որ հենց այդ տարիքում է տեղի ունենում ակտիվ ֆիզիկական զարգացում ու սեռական հասունացում։ Այս մասին հոկտեմբերի 30-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի դեռահասներիառողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան։

Նրա խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում դեռահասների 65 տոկոսն օրական մի քանի անգամ գործածում է քաղցրավենիք, դեռահասների 30 տոկոսը օրական մի քանի անգամ գործածում է գազավորված ըմպելիք, իսկ բանջարեղենի գործածումը կազմում է 25-30 տոկոս՝ չնայած մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դրա պակասը չկա։

Մասնագետը հավելում է, որ կա սննդամթերքի հինգ խումբ, ու դրանցից չորսը պետք է ներառվեն դեռահասների պարտադիր սննդակարգում՝ հատիկավորները, մսամթերքն ու կաթնամթերքը, նաեւ մրգերն ու բանջարեղենը։ Հինգերորդ խումբը քաղցրավենիքն է, ու դրա գործածումը պետք է սահմանափակ լինի։

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Եվա Մովսեսյանը հայտնեց, որ մանկության տարիների սխալ սննդակարգը հանգեցնում է մետաբոլիզմի խանգարումների ու սրտանոթային հիվանդությունների զարգացման։ «Նաեւ հայտնաբերվել է կապ սխալ սննդակարգի ու քաղցկեղի որոշ տեսակների միջեւ։ Սխալ սննդակարգի հետեւանքով զարգացող հիվանդություններից է օստեոպորոզը, որը զարգանում է կալցիումի ու վիտամին D-ի պակասից»,- ասել է նա։

Հենց այդ պատճառով էլ, մասնագետի խոսքով, ճիշտ սննդային վարքագիծը պետք է երեխաներին սովորեցնել դեռ վաղ մանկությունից։ Երեխաների սննդակարգը պետք է լինի հավասարակշռված ու բազմազան, այն պետք է պարտադիր ներառի օրական մինչեւ 0․5 կգ բանջարեղեն ու միրգ։ Ու պետք է խուսափել դատարկ կալորիաներով հարուստ ֆասթֆուդից, հավելեց նա։

Մարինա Մելքումովան նաեւ հավելեց, որ ճարպակալմանը նպաստող եւս մեկ գործոն է այն, որ երեխաների 50 տոկոսը առավոտյան չի նախաճաշում։ «Նախաճաշն ամենակարեւոր սնունդն է։ Երեխաներին պետք է պարտադիր նախաճաշ տալ»,- ասել է նա։

Խոսելով Հայաստանի դպրոցների բուֆետներում ու ճաշարաններում սննդի հետ կապված տիրող վիճակից՝ Եվա Մովսեսյանը նշեց, որ, ցավոք, առողջ սնունդն անհասանելի է բուֆետներում՝ այնտեղ վաճառվում է ուտելիք, որը հեշտ է առաքելն ու պահելը։ Դրա համար էլ նա ծնողներին հորդորում է երեխաների համար նախաճաշ դնել՝ մսով կամ պանրով ու բանջարեղենով բուտերբրոդներ, նաեւ մրգեր, այլ ոչ թե նրանց փող տալ՝ հոթ դոգ գնելու համար։ Մարինա Մելքումովան հավելեց, որ Հայաստանի մի շարք դպրոցներում գործում են ճաշարաններ, իսկ որոշ դպրոցներում՝ միայն բուֆետներ։ «Հայաստանի 10 մարզերում գործում է Պարենամթերային համաշխարհային կազմակերպության ծրագիրը, որի շրջանակում տարրական դասարանների երեխաներին տրամադրվում է տաք ուտելիք (եթե կա ճաշարան) կամ պատրաստի սնունդ, որն այնքան էլ ցանկալի չէ, քանի որ խոսքը հյութի եւ թխվածքաբլիթերի մասին է, իսկ նման ուտելիքը մենք չենք կարող առողջ համարել»,- ասել է նա։

Դպրոցական երեխաների առողջության վարքագծի հետազոտությունն իրականացվում է չորս տարին մեկ պարբերականությամբ աշխարհի ավելի քան 40 երկրներում՝ ԱՀԿ հովանու ներքո։ 2013-2014 թթ․ Հայաստանում հավաքվել են տվյալներ 3679 դեռահասների մասին՝ 11,13, 15 ու 17 տարեկանների տարիքային խմբերում։ Ընթացիկ հետազոտության շրջանակում նրանց քանակը կարող է հասնել 6000-ի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է