• Latest news

Օրվա ո՞ր ժամին է կարելի ածխաջրեր օգտագործել

23 հունվարի, 2018  19:35

Ածխաջրերի մեծ քանակությամբ օգտագործումը, հատկապես եթե «արագ» ածխաջրեր են՝ շաքար, սպիտակ հաց, բրինձ կամ մակարոն, չափազանց վտանգավոր է առողջության եւ իրանի համար: Եթե դուք կերակուր եք ուտում, որը մեծ քանակությամբ «արագ» ածխաջրեր եւ քիչ քանակությամբ սննդային մանրաթելեր է պարունակում, որոնք կարող էին դրանց յուրացման պրոցեսն արգելակել, արյան մեջ գլյուկոզայի մակարդակն արագ բարձրանում է: Եթե դուք այս գլյուկոզան ֆիզիկական վարժությունների օգնությամբ չեք այրում, ձեր ենթաստամոքսային գեղձը ստիպված կլինի ավելի մեծ քանակությամբ ինսուլին արտադրել, ըստ որում՝ շատ արագ, որ գլյուկոզայի մակարդակը նորմայի հավասարեցնի: Այս ընթացքում ամբողջ «ավելորդ» շաքարը ճարպի կվերածվի, որը կարող է առողջական մեծ խնդիրներ առաջացնել:

Համարվում է, որ քնելուց առաջ ածխաջրերի օգտագործումն օրգանիզմի համար ավելի վտանգավոր է, քան նախաճաշին նույն քանակությունը: Առաջին հայացքից սա բնական է թվում. օրվա ընթացքում մեր ֆիիզկական ակտիվությունը կարող է ածխաջրերի ավելցուկն այրել՝ դրանք ճարպի պաշարների չվերափոխելով: Իսկ երբ մենք քնելուց առաջ ենք ուտում, քնելու պատրաստվող օրգանիզմը ածխաջրերից ստացվող ավելի քիչ էներգիա է պահանջում:

Բայց արդյոք իրականում այդպե՞ս է:

Բժիշկ Ադամ Քոլինզը եւ University of Surrey-ի նրա գործընկերները ոչ մեծ հետազոտություն են կատարել՝ ստուգելու համար, թե առողջ կամավորների օրգանիզմը առավոտյան եւ երեկոյան ինչպես կհաղթահարի մեծ քանակությամբ ածխաջրեր պարունակող կերակուրը: Դրանից բացի, հետազոտողները պատրաստվում էին պարզել՝ արդյոք օրգանիզմը կարող է ժամանակի ընթացքում ընտելանալ օրվա տարբեր ժամերին ածխաջրերի օգտագործմանը:

Բոլոր մասնակիցներին խնդրել են գրանցել կերած բոլոր ածխաջրերը, այդ թվում՝ մրգերը, բանջարեղենը, մակարոնը, հացը եւ այլն: Առաջին 5 օրերին նրանց խնդրել են իրենց ածխաջրային սննդաբաժնի մեծ մասն ուտել նախաճաշին: Այնուհետեւ մասնակիցները 5 օր նորմալ ռեժիմով են սնվել, որից հետո նրանց խնդրել են եւս 5 օր նախաճաշել ածխաջրերի փոքր պարունակությամբ մթերքներով եւ ընթրել հակառակը՝ բարձր պարունակությամբ մթերքներով: Այդ ընթացքում գիտնականները մշտապես վերահսկել են կամավորների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Երբ հետազոտողները փորձարկվողների արյան մեջ շաքարի մակարդակը ստուգել են բարձրածխաջրային նախաճաշով 5 օրից հետո, հայտնաբերել են, որ նրանց արյան մեջ գլյուկոզայի միջին մակարդակը կազմել է 15,9 միավոր: Փորձի հեղինակները գրեթե այսպիսի արդյունքներ էլ սպասում էին: Սակայն ցածրածխաջրային նախաճաշերի եւ բարձրածխաջրային ընթրիքների 5 օրից հետո կամավորների արյան մեջ գլյուկոզայի միջին մակարդակը չի աճել, ինչպես սպասում էին, այլ նվազել է մինչեւ 10,4 միավոր:

Գիտնականները եզրակացրել են, որ հիմնական դերակատարում ունի ոչ թե օրվա ժամանակը, որի ընթացքում դուք ածխաջրեր եք օգտագործում, այլ առանց ածխաջրային ժամանակահատվածի տեւողությունը, որը դրան նախորդում է: Եթե նախորդ ածխաջրերից հետո ընդմիջումը մեծ է լինի, ապա ձեր մարմինը դրանք մշակելուն ավելի պատրաստ կլինի: Սովորաբար նման ընդմիջում է գիշերը, որի ժամանակ դուք քնած եք եւ ընդհանրապես ոչ մի բան չեք ուտում: Սակայն հետազոտությամբ ապացուցվել է, որ եթե ածխաջրերի օգտագործման մեջ նման ընդմիջում լինի ցերեկը, ապա նույնպիսի արդյունք կստացվի:

Այսպիսով, կարեւոր չէ, թե դուք երբ եք հատկապես ածխաջրերն օգտագործում՝ նախաճաշին, թե ընթրիքին: Գլխավորը՝ յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելիս օրգանիզմը դրանցով չծանրաբեռնելն է: Եթե դուք գիշերը շատ եք ածխաջրեր օգտագործել, աշխատեք առավոտյան մեծ քանակությամբ չօգտագործել: Իսկ եթե նախաճաշին ածխաջրեր չեք կերել, մի վախեցեք քնելուց առաջ մակարոն ուտել, հատկապես՝ եթե օրն ակտիվ շարժման մեջ եք անցկացրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել