Մարդկանցից շատերն այսօր դժգոհություն են հայտնում նոր կարգից, որի համաձայն՝ հակաբիոտիկները եւ մի ամբողջ շարք այլ դեղեր պետք դեղատներից բաց թողնվեն միայն բժշկի դեղատոմսով: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, մարդկանց մտահոգությունները կարելի է հասկանալ, սակայն նոր կարգն ամենեւին չի հետապնդում մարդկանց կյանքը դժվարացնելու նպատակ. հակառակը՝ այն անհրաժեշտ է բնակչության առողջության պահպանման համար:
Դավիթ Մելիք-Նուբարյանը հիշեցրեց, որ արդեն այսօր շատ հակաբիոտիկներ արդյունավետությունը կորցրել են, եւ եթե մարդկությունը շարունակի այս դեղամիջոցները անվերահսկելիորեն, սխալ օգտագործել, մոտ ապագայում մենք կարող ենք նաեւ մնացյալը կորցնել: Եթե հակաբիոտիկներն իրենց արդյունավետությունից զրկվեն, մենք չենք կարողանա որեւէ բանով բուժել այսօր միանգամայն բուժելի ինֆեկցիոն հիվանդությունները, եւ մարդկությունը կվերադառնա հակաբիոտիկների հայտնաբերման դարաշրջան, երբ հարյուր հազարավոր մարդիկ մահանում էին հասարակ ինֆեկցիաներից:
Քանի որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը զարգանում է դրանց սխալ եւ չհիմնավորված կիրառման պատճառով, այս դեղերի շրջանառությունը պետք է խստորեն կարգավորել, պնդեց մասնագետը:
Ինչ վերաբերում է ցավազրկողներին, դեղատներում դեղամիջոցներ կլինեն, որոնք բաց կթողնեն առանց դեղատոմսի, ուստի, ինչպես նշեց պաշտոնյան, կարիք չկա անհանգստանալու, որ այսուհետեւ անհնար կլինի հաղթահարել սովորական ատամնացավը կամ գլխացավը, համանման բան չի լինի: Սակայն հատուկ նյութեր, օրինակ՝ կոդեին պարունակող դեղերը պետք է բաց թողնվեն միայն բժշկի դեղատոմսով:
Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանն ընդունված կառավարության որոշմամբ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտնում դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Դեղատոմսով առաջին հերթին բաց կթողնեն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղամիջոցները: Հուլիսի 1-ից կարգը կտարածվի ներարկման բոլոր դեղամիջոցների վրա: Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ արդեն դեղատոմսերով բաց թողվող դեղերի ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը դեղատոմսով կվաճառվեն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր