• Latest news

Դեղատոմսերով դեղերի բացթողումը միանշանակ ճիշտ է, սակայն հարցի երկրորդ կողմն էլ կա. Պարունակ Զելվեյան

28 փետրվարի, 2018  15:21

Այն, որ դեղերը պետք է բաց թողնվեն դեղատոմսերով՝ միանշանակ ճիշտ է: Սակայն հարցը երկրորդ կողմ էլ ունի՝ արդյոք այն ժամանակի՞ն ենք ներդնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

Նրա խոսքով՝ դեղատոմսերով դեղերի բացթողումն առաջին հերթին մեծացնում է բժշկական սպասարկման որակը, քանի որ դեղերը կսկսեն գնել բժշկի նշանակմամբ, այլ ոչ թե հարեւանների կամ դեղատների աշխատողների խորհրդով: Երկրորդ՝ սա նվազեցնում է ինքնաբուժության  եւ հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների ռեզիստենտության վտանգները:

«Բժիշկը մասնագիտություն է, որը ամենից երկար են սովորում, իսկ հետո կրթությունը շարունակում են ամբողջ կյանքի ընթացքում: Մենք ինչո՞ւ ենք դա անում: Որպեսզի կարողանանք հիվանդի համար 2 հազար դեղամիջոցներից այն դեղն ընտրել, որը նրան անհրաժեշտ է»,- ասաց նա:

Այսինքն, մասնագետի խոսքով, դեղատոմսերի կիրառումը բժշկական հանրույթի շրջանում քննարկման ենթակա չէ, սակայն քննարկման ենթակա են այս պրակտիկայի ներդրման մոտեցումները եւ մեխանիզմները: «Սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ բժշկական հանրության եւ հասարակության կարծիքը համընկնում է, նրանց շահերը եւ ցանկությունները, փաստորեն, համադրվում են»,- ասաց նա:

Պարունակ Զելվեյանի կարծիքով՝ մինչեւ սա պրակտիկայում ներդնելը, անհրաժեշտ էր ազնվորեն եւ լիարժեք գնահատել բոլոր ռիսկերը, բոլոր խութերը, այնուհետեւ գտնել դրանք հաղթահարելու ուղիները, գործիքակազմ ներդնել, եւ միայն հետո մտցնել պարտադիր դեղատոմսերը: Նա հիշեցրեց, որ ավելի քան 20 տարի առկա է դեղերը դեղատոմսերով բաց թողնելու պահանջը, այն ընդգրկված է ե՛ւ «Դեղերի մասին» առաջին օրենքում, ե՛ւ նորում, եւ սա ճիշտ է: Սակայն այդ կանոնը չի ներդրվել: «Այսինքն՝ առողջապահության նախկին կազմակերպիչները, հավանաբար, իրավիճակը սթափ են գնահատել, եւ հասկացել են, որ դա դեռեւս չեն կարող անել: Սակայն դա էլ էր սխալ, անհրաժեշտ էր աստիճանաբար ներդնել»,- ասաց նա:

Բժիշկը նշեց, որ բոլորն էլ գիտեն առաջին օղակի բժիշկների ծանրաբեռնվածության, պոլիկլինիկաներում հերթերի մասին, էլ չենք խոսում բժիշկների մոտիվացիայի եւ նրանց աշխատավարձերի մասին: «Հերթերը, գրագրության մեծ ծավալը, եւ սրան նաեւ հավելվում է դեղատոմսային ձեւը: Բժիշկը ֆիզիկապես ի վիճակի չի լինի որակյալ ծառայություն մատուցել: Սա կբերի հերթերի մեծացման, հիվանդների համար ժամանակի անիմաստ կորստի, դժգոհության աճի»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա հետեւանքով հերթական լավ, ճիշտ գաղափարը կարժեզրկվի:

Պարունակ Զելվեյանն առաջարկում է վաղվանից սկսել վերանայել բժշկական նորմատիվները, կրճատել բժիշկների ծանրաբեռնվածությունը, մեծացնել նրանց թիվը, եւ միայն դրանից հետո ներդնել նաեւ պարտադիր դեղատոմսը եւ բոլոր պարտադիր սքրինինգային ծրագրերը: «Անհրաժեշտ է համակարգը նախապատրաստել, եւ միայն հետո պահանջներ դնել: Չի կարելի որոշակի տարողությամբ անոթը երկու անգամ մեծ ծավալով հեղուկով լցնել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանն ընդունված կառավարության որոշմամբ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտնում դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Դեղատոմսով առաջին հերթին բաց կթողնեն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղամիջոցները: Հուլիսի 1-ից կարգը կտարածվի ներարկման բոլոր դեղամիջոցների վրա: Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ արդեն դեղատոմսերով բաց թողվող դեղերի ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը դեղատոմսով կվաճառվեն:

Դեղերի բացթողում դեղատոմսով. Ինչո՞ւ է Իբուպրոֆենը հայտնվել 2 ցուցակում, եւ ի՞նչ հերթեր կգոյանան պոլիկլինիկաներում

Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները

Առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

ԱՆ հրապարակել է դեղատոմսով եւ առանց դեղատոմսի դուրս գրվող ՀՀ–ում գրանցված դեղերի նորացված ցանկը

Իրարանցում երեւանյան դեղատներում. Մարդիկ գնում են հորմոնալ եւ կարդիոդեղամիջոցներ (տեսանյութ)

Խուճապ բնակիչների շրջանում եւ պոլիկլինիկաների թողունակությունը. դեղատոմսերի պահանջը մեկնաբանում է «Վագա Ֆարմի» ղեկավարը

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել