Հաջորդ նպատակը քայլելն է. Ապրիլյան պատերազմում վիրավորված Արմանը կանգնում է՝ չնայած մասնագետները վստահ էին, որ երբեք չի կարողանա (ֆոտո)

2 ապրիլի, 2018  17:02

Ե՛վ հայ, ե՛ւ գերմանացի մասնագետները համոզված էին, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մեջքից վիրավորում ստացած Արման Լազգիյանը երբեք չի կարողանա ոչ միայն քայլել, այլեւ հաշմասայլակում ուղիղ նստել: Ասում էին՝ նման վնասվածքներից հետո չեն վերականգնվում: Սակայն այսօր Արմանն արդեն սովորում է կանգնել: Նա վստահ է, որ ապագայում նաեւ կքայլի. դա միայն ժամանակի հարց է:

Արդեն գրեթե 2 տարի Արմանը Գերմանիայում է: Հիմա ֆիզիոթերապիայի կուրս է անցնում, ֆիթնես դահլիճ է հաճախում եւ շատ ժամանակ հատկացնում հատուկ մարզումներին ու պարապմունքներին:

«Կարեւորը ոչ թե այն է, թե ինչ կասեն մասնագետները, այլ իր՝ մարդու տրամադրվածությունը: Մարդը կարող է առողջանալ, եթե վստահ է իր ուժերին եւ իր հանդեպ դրական վերաբերմունք ունի,- ասաց Արմանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:- Եթե մարդը նստի ու մտածի, որ իրեն ասել են՝ չի քայլելու, նշանակում է՝ ինքն իսկապես չի քայլի, ապա, իհարկե, նրա կյանքում ոչ մի բան չի փոխվի: Ես միայն քայլել եմ ցանկանում. ես գիտեմ, որ կքայլեմ: Դա միայն ժամանակի հարց է»:

Արմանը ողնաշարի վիրավորումը եւ ողնուղեղի վնասվածքը ստացել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Այդ օրը, իր իսկ խոսքով, ողջ է մնացել ընկերների եւ Սարո անունով մի տղայի շնորհիվ, ում ինքը մինչ այդ չէր ճանաչում եւ ով, սեփական կյանքը վտանգելով, Արմանին դուրս է բերել հակառակորդի հրետանու կրակահերթերի տակից եւ մեքենայով հիվանդանոց տեղափոխել:

«Ես շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, որոնք կողքիս են եղել: Այդ տղաների մասին քիչ են խոսում, ավելի շատ ուշադրություն են հատկացնում նրանց, ովքեր վիրավորվել են, նրանց «հերոսներ» են անվանում, իսկ մնացյալ բոլորին՝ պարզապես զինվորներ: Իրականում հենց նրանք են հերոսներ, ովքեր մեզ՝ վիրավորներիս փրկել են: Իսկ մենք պարզապես այդ պահին այնտեղ ենք եղել, բայց այնպես է ստացվել, որ գնդակը հենց մեզ է դիպել»,- նշեց Արմանը:

Հիշեցնենք, որ վիրավորվելուց հետո Արմանին ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք: Վիրահատությունների շարքից հետո Արմանի ծնողները որոշել են նրան բուժվելու համար Գերմանիա տանել. հայ բժիշկներն Արմանի համար արել են այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում էր (իսկ գերմանացի վիրաբույժները բարձր են գնահատել Արմանին վիրահատած հայ գործընկերների աշխատանքը), սակայն քանի որ Գերմանիայում վերականգնողական բուժումն ավելի զարգացած է, քան Հայաստանում, այնտեղ, շատերի կարծիքով, Արմանը վերականգնվելու ավելի մեծ հնարավորություններ ուներ:

Արմանը ծրագրում է մոտ ապագայում շարունակել նաեւ կրթությունը, որը ստիպված էր ընդհատել՝ բանակում ծառայելու համար. նա պետք է ստոմատոլոգ դառնար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր կարծիքով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու կանոնների խստացման հետեւանքով դեղորայքը կթանկանա՞:
Այո
Ոչ
Չգիտեմ