• Latest news

Շուտով քաղցկեղի բուժման նոր մեթոդներ կհայտնվեն. Արտերկրի պրոֆեսորները Երեւանում դասախոսություններ են կարդում

9 ապրիլի, 2018  14:20

Շատ հետաքրքիր ժամանակներում ենք ապրում՝ գիտնականներն ամեն օր նոր բիոմարկերներ են հայտնաբերում, այսպես կոչված քաղցկեղային բջիջների «մոլեկուլային ստորագրությունը», որի օգնությամբ կարելի է մշակել քաղցկեղի ախտորոշման եւ բուժման նոր մեթոդներ։ Արդեն մոտակա տարիների ընթացքում կհայտնվեն օնկոլոգիական հիվանդությունների բուժման նոր մոտեցումներ՝ հիմնված հենց այդ մոլեկուլային մարկերների վրա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է մանկական ուսուցքաբան, պրոֆեսոր Հերբերտ Ջուրգենսը։

Պրոֆեսոր Ջուրգենսը իր 11 գործընկերների հետ՝ Գերմանիայից եւ Ավստրիայից, Երեւան է ժամանել Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում դասախոսություններով հանդես գալու համար։ Ապրիլի 9-11–ը տեղի կունենա «Քաղցկեղի ախտորոշման եւ բուժման ժամանակակից չափանիշները»։ Ապրիլի 12–ին կկայանա համաժողով «Առողջապահական կիրառական հետազոտությունները եւ քաղցկեղի ռեգիստրը» թեմայով։

Ջուրգենսի կարծիքով՝ օնկոլոգիական հիվանդությունները մարդկության համար լուրջ մարտահրավերներից մեկն են: Հայ գործընկերների հետ գերմանացի եւ ավստրիացի պրոֆեսորները նախատեսում են քննարկել ոչ միայն այդ հիվանդությունների ախտորոշման եւ բուժման առկա մոտեցումները, այլ նաեւ ուռուցքաբանության զարգացման ուղիներն ու ուղղությունները։

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը իր հերթին նշել է, որ քաղցկեղով հիվանդացությունը այսօր աճում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում։ Սակայն քաղցկեղով տառապող պացիենտների թվի աճին նպաստում է նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը՝ շնորհիվ այն տեխնոլոգիաների, որոնք չեն եղել, ասենք, 90-ական թվականներին, այսօր հայտնաբերում են ուռուցքներ, որոնք նախկինում հնարավոր չէր հայտնաբերել եւ որոնց մասին պացիենտները դեռ երկար ժամանակ չէին իմանա:

Ճիշտ է՝ Հայաստանում քաղցկեղի վաղ հայտնաբերման հետ կապված դեռեւս լուրջ խնդիրներ կան՝ սքրինինգային ծրագրերի բացակայության եւ կանխարգելիչ նպատակով բժշկին դիմելու մշակույթի բացակայության պատճառով օնկոլոգիական հիվանգությունների դեպքերի 40-45 տոկոսը հայտնաբերվում է հիվանդության 3-4 փուլերում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել