• Latest news

Երեխաներին տալ մանկական պահածոյացվա՞ծ, թե՞ տան պայմաններում պատրաստված սնունդ. կարծիքները կիսվում են

2 օգոստոսի, 2018  22:45

Երեխաներին տալ մանկական պահածոյացվա՞ծ, թե՞ տան պայմաններում պատրաստված սնունդ: Այս հարցում բժիշկ-դիետոլոգների կարծիքները կիսվում են. մի մասը խորհուրդ է տալիս երեխաներին վաղ տարիքում կերակրել պահածոյացված սնունդով, մյուս մասը կողմ է տանը պատրաստված սննդին:

Պահածոյացված սննդին կողմ արտահայտվող դիետոլոգները, ինչպես նաեւ նման սնունդ արտադրողները վստահեցնում են, որ պահածոյացված խյուսը պատրաստվում է էկոլոգիապես մաքուր հումքից, որը հատուկ արտադրվում է մանկական սննդի համար: Արտադրանքը արտադրվում է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչը թույլ է տալիս առավելագույնի հասցնել բոլոր սնուցիչների պահպանությունը: Մանկահասակ երեխաների համար պատրաստված արտադրանքը հարստանում է անհրաժեշտ քանակությամբ վիտամիններով, հանքանյութերով, միկրոէլեմենտներով:

Այնուամենայնիվ, շատ մայրեր, եւ հատկապես տատիկներ, վստահ չեն պահածոյացված խյուսերի եւ հյութերի անվտանգ լինելու հարցում: Գլխավոր պատճառը երկար պահպանման ժամկետն է: Արտադրողների խոսքով, պահպանման ժամկետի երկար լինելու պատճառը հատուկ ասեպտիկ տեխնոլոգիան է, որը բացառում է վնասակար միկրոօրգանիզմների ներթափանցումը, իսկ հատուկ վակուումային փաթեթավորումն ապահովում է արտադրանքի երկարատեւ պահպանումն առանց կոնսերվանտների օգտագործման:

Բժիշկների մյուս խումբը հակված է տան պայմաններում պատրաստված սննդի օգտագործմանը: Պատճառներից մեկը այն է, որ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ տան պայմաններում պատրաստված սնունդ օգտագործելու հետեւանքով նիտրատներով թունավորվելու հավանականությունը օ տոկոս է, ինչը չի կարելի ասել պահածոյացված սննդի օգտագործման դեպքում:

Մանկաբույժ Նոնա Եղոյանը NEWS.amհետ զրույցում նշեց, որ մինչեւ վեց ամսական երեխան պետք է սնվի բացառապես կրծքի կաթով (որոշ հակացուցումների դեպքում, որոնք դրանք շատ քիչ են, ադապտացված կաթնախառնուրդներով)։ Դրանից հետո պետք է սկսել հավելյալ սնուցումը, զուգահեռ շարունակելով կրծքով սնուցումը։ Պետք է սկսել 1-2 գդալից, եւ մաքսիմալ կրծքի կաթի խտությանը մոտ պատրաստել, որ երեխան չհրաժարվի, աստիճանաբար շատացնելով թե քանակը, թե խտությունը, թե տեսականին»:

Նրա խոսքով, ցանկալի է ամեն օր տալ մեկ սննդատեսակ, որպեսզի տեսնեք երեխայի ռեակցիան ինչպիսին է, կա արդյոք ալերգիա, աղիների աշխատանքի փոփոխություն եւ այլն։ «Դրանից հետո կարող եք սննդատեսակները խառնել իրար։ Մինչեւ մեկ տարեկան երեխան սնվում է այսպես, ծանոթանում է նոր սննդատեսակներին: Միանշանակ կարող եմ ասել, որ տնական պատրաստածը եւ որակով, եւ օգտակարությամբ գերազանցում է պատրաստի կերակուրներին։

Պարզապես մի խորհուրդ. ցանկալի է ուտել սեզոնային միրգ կամ բանջարեղեն: Այն պահածոյացված գործարանային սննդատեսակները, որոնք ունեն երկար պահպանման ժամկետ, պարունակում են մեծ քանակությամբ կոնսերվանտներ, ինչպես նաեւ համային ուժեղացուցիչներ, որոնք կանցերոգեն են։ Դրանց հաշվին է, որ երեխաներին ավելի շատ դուր են գալիս դրանք: Իսկ այս շոգ եղանակին ցանկալի է օգտագործել թարմ պատրաստված սնունդ, 2 -րդ օրվանը թափել։ Օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, միրգ եւ բանջարեղեն»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել