• Latest news

Երեւանցի վարորդները ճանապարհն արդյոք զիջո՞ւմ են շտապ օգնության մեքենաներին

28 դեկտեմբերի, 2018  16:14

Երեւանում վարորդների մեծ մասը շտապ օգնության մեքենաներին ճանապարհը զիջում է: Ճիշտ է, երբեմն փողոցներում այնպիսի վիճակ է լինում, որ վարորդներն ուղղակի ֆիզիկապես անկարող են ճանապարհը զիջել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Նա նշեց, որ եթե շտապ օգնության մեքենան ընթանում է միացված լուսաձայնային ազդանշանով, կա՛մ շտապում է հիվանդի մոտ, որը ծանր վիճակում է, կա՛մ նման հիվանդին հիվանդանոց է տեղափոխում: Այս պատճառով չափազանց կարեւոր է շտապ օգնության մեքենային ճանապարհը զիջելը՝ ցանկացած դանդաղում կարող է հիվանդի կյանքի գինն ունենալ: Իսկ եթե մեքենայի մեջ հիվանդ չկա, եւ այն պարզապես կայան է վերադառնում, ապա, որպես կանոն, ընթանում է առանց միացված ազդանշանի եւ առանց երթեւեկության կանոնների խախտման:

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ շտապ օգնության մեքենաներում հիվանդանոցի ճանապարհին հիվանդի կենսապահովման բոլոր սարքավորումները կան. կա դեֆիբրիլյատոր, թոքերի արհեստական օդափոխման սարք եւ այլ սարքավորումներ: Ուստի առավել կարեւոր է, որ շտապ օգնությունը հնարավորինս շուտ հասնի հիվանդին, եւ որ խցանումներն ու եղանակային պայմանները չխանգարեն: Եթե հիվանդն արդեն շտապ օգնության մեքենայի մեջ է, նույնիսկ եթե ճանապարհները փակ են, եւ երթեւեկությունը դանդաղել է, բրիգադը հնարավոր ամեն ինչ կանի նրա վիճակը պահպանելու եւ մինչեւ հիվանդանոց հասցնելու համար:

Ինչպես նշեց մասնագետը, ձյունը եւ խցանումները կարող են նկատելիորեն խանգարել շտապ օգնության աշխատանքին, բայց նույնիսկ եղանակային վատ պայմաններում շտապ օգնության մեքենան աշխատում է հիվանդի մոտ հասնել առավելագույնը 15 րոպեում, եթե, իհարկե, հիվանդն անհետաձգելի օգնության կարիք ունի: Իսկ եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս սպասել, բրիգադը նախ մեկնում է այն հիվանդի մոտ, ով չի կարող սպասել, օրինակ՝ սրտի կաթվածով հիվանդի, ճանապարհային պատահարից տուժածների մոտ եւ այլն:

Հիշեցնենք, որ ցանկալի է շտապ օգնություն կանչել միայն այն դեպքերում, երբ մարդն իսկապես անհետաձգելի բուժօգնության կարիք ունի՝ սրտի եւ գլխուղեղի կաթվածներ, ճանապարհային պատահարի հետեւանքով կամ տան պայմաններում ծանր վնասվածքներ, ուշաթափություններ, ինչպես նաեւ երեխաների մոտ 38.5 եւ բարձր ջերմաստիճան: Մնացյալ բոլոր դեպքերում կարելի դիմել պոլիկլինիկա՝ շտապ օգնության բրիգադին չշեղելով ավելի «ծանր» հիվանդներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել