• Latest news

Ալերգիա՝ բնության վրե՞ժը «նորագույն քաղաքակրթության» հանդեպ

4 հունիսի, 2014  22:43

Ժամանակակից աշխարհում ալերգիան ամենատարածված երեւույթներից մեկն է։ Շատ մարդիկ տառապում են այդ հիվանդությունով ոչ միայն գարնանը, այլեւ տարվա ցուրտ եղանակին։ Ալերգիայի մասին ավելի շատ մանրամասներ NEWS.am Medicine-ի թղթակիցը փորձեց պարզել Երեւանի № 1 Համալսարանական կլինիկական հիվանդանոցի Կլինիկական իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի կլինիկայի ղեկավար, ալերգոլոգ-իմունոլոգ, պրոֆեսոր Սպարտակ Գամբարովից։

«Ալերգիան օրգանիզմի ոչ ադեկվատ պատասխանն է համեմատաբար անվնաս նյութերին»,-բացատրեց բժիշկը։ Նրա խոսքով, ալերգիա են առաջացնում բույսերի, ծառերի, խոտերի փոշեհատիկները, մոլախոտերը կամ մարգագետնային խոտերը, սնունդը եւ անգամ միջատների խայթոցները։

«Այժմ աղետալի կերպով ավելանում են ալերգիկ հիվանդությունները»,- նշեց Գամբարովը՝ ավելացնելով, որ ամբողջ Եվրոպայում ալերգիաով տառապող մարդկանց թիվը հասել է մոտ 120 միլիոնի։ Ալերգիայի հետ կապված խնդիրները վաղուց արդեն զուտ բժշկական հարցեր չեն, այլ դարձել են սոցիալական բնույթի, քանի որ բոլոր երկրները ֆինանսական մեծ կորուստներ են կրում դրա պատճառով։ «Օրինակ, ԱՄՆ-ը ամեն տարի կորցնում է գրեթե 30 միլիարդ դոլար բրոնխիալ ասթմայով հիվանդների պատճառով»,-ընդգծեց մասնագետը։  

Առանձնահատկությունն այն է, որ սիրտ-անոթային հիվանդությունները համարվում են ամենավտանգավորը, բայց ինչպես նշեց բժիշկը, այս հիվանդությունները հանդիպում են ավելի տարեց հասակում, իսկ ալերգիան կարող է առաջանալ 20-ամյա երիտասարդների մոտ։ «Եվ դա ազդում է ամենախոցելի հասակում գտնվող մարդկանց վրա»,-ընդգծեց Գամբարովը։ Բրոնխիալ ասթման ախտահարում է ոչ միայն մեծահասակների, այլեւ անգամ փոքրիկ երեխաների օրգանիզմը։ Բրոնխիալ ասթմայով հիվանդ մարդկանց թիվը տարեց տարի ավելանում է, ինչը բավականին լուրջ խնդիր է, քանի որ այս հիվանդության բարդացման դեպքում մահվան հավանականությունը բավականին բարձր է։

Ինչպես նշեց Գամբարովը՝ ալերիգիայի առաջացման պատճառը ոչ միայն աղտոտված շրջակա միջավայրն է։ Իհարկե, էկոլոգիան շատ կարեւոր դեր ունի այս հարցում, բայց այն հիվանդության հիմնական պատճառը չէ։ Այժմ շատերը կարծում են, որ նստակյաց ապրելակերպը կարող է ալերգիայի ձեւավորման պատճառ հանդիսանալ։ Դա մասամբ համապատասխանում է իրականությանը, քանի որ եթե մարդը ժամերով նստում է համակարգչի առաջ մի սենյակում, որտեղ կա այս կամ այն ալերգենը, ապա սա հանգեցնում է նրան, որ օրգանիզմի ալերգիկ ռեակցիան, միեւնույնն է, ի հայտ է գալու։ «21 դարը իմունային համակարգի հետ կապված հիվանդությունների դարաշրջան է,-ասաց ալերգոլոգ-իմունոլոգը։ Ալերգիկ հիվանդությունները ուղղակիորեն կապված են իմունային հիվանդությունների հետ։

«Մեզ մոտ կան բջիջներ, որոնք պատասխանատու են անգամ այն բաների համար, որոնք բնության մեջ առկա չեն»,-ասել է ալերգոլոգը՝ նշելով, որ «կան բջիջներ, որոնք ճանաչում են «օտարը», եւ հետո նոր արձագանքում դրան»։ Եվ հենց այդ «օտարը», որը նրան պատասխանող բջիջներ է առաջացնում, ոչ մի կապ չունի, քանի որ դա պատահական գործընթաց է։  Եվ ինչպես նշեց բժիշկը, «այս պատահականությունը անհրաժեշտություն է»։ Ստացվում է, որ պատահական գործընթացները անհրաժեշտություն են արտաքին գործոնների հսկայական բազմազանությանը պատասխանելու համար։

Ըստ բժշկի՝ գարնանից մինչ աշուն ալերգիայի շրջանն է, ինչի ժամանակ ալերգիկ ռինիտները, որոնց հաճախ պարզապես ալերգիա կամ պոլինոզ են անվանում,  տարածվում են։

«Ես միշտ ասում եմ, որ սեփական առողջությանը չի կարելի մատերի արանքով նայել»,-ասաց նա։ Ըստ նրա՝ եթե մարդու մոտ ալերգիա է զարգանում, ապա պետք չէ ապրել այն սկզբունքով, որ «մի քիչ կփռշտամ, եւ ամեն ինչ կանցնի»։ Անհրաժեշտ է հարկ եղած ձեւով հետեւել առողջությանը՝ հասարակ ռինիտները բրոնխիալ ասթմայի չվերածելու համար։ Շատերը մակերեսային են վերաբերում իրենց , ինչը կարող է մահվան ելքով ավարտվել։

Ալերգիկ ռինիտը բրոնխիալ ասթմայի առաջացման մեծ վտանգ է պարունակում, եւ այս գործընթացը կարող է շնչուղիներով իջնել ներքեւ։ «Մասնվորապես մեր երկրի բնակիչները  գնում են դեղատուն, դիմում են սովորական խորհրդատուի՝ սեփական հիվանդության դեմ դեղամիջոց նշանակելու համար»,-ասաց բժիշկը՝ ընդգծելով, որ դա առողջության հանդեպ սխալ մոտեցում է եւ անպայման պետք է դիմել բժշկի։ Բժիշկը մտահոգված է այս հանգամանքով, ինչպես նաեւ հավաստիացնում է, որ մարդու իմունային համակարգը շատ փխրուն է, այդ պատճառով պետք է զգույշ վարվել դրա հետ եւ դիմել հենց ալերգոլոգի, «չէ որ դերձակը պետք է շոր կարի, իսկ կոշկակարը՝ կոշիկ»։

Ինչ վերաբերում է փոշեհատիկներից առաջացած ալերգիաներին, ապա ալերգիկները քամու ժամանակ պետք է փակ պահեն պատուհանները, եւ դրանք միայն երեկոյան բացեն։ Շատ մարդկանց մոտ ալերգիան առաջանում է միջատների խայթոցից՝ ընդ որում երբեմն բավականին լուրջ ազդեցությամբ։ Նման հիվանդներին խորհուրդ չի տրվում քայլել աղբամանների կողքով, հագնել շատ վառ հագուստ (որը կարող է գրավել միջատներին)։ Սակայն Գամբարովը նաեւ նշեց, որ այս ամենը բուժում չէ եւ անպայման պետք  է դիմել բժշկի, ով անհատական մոտեցում կցուցաբերի։ «Մարդու մոտ կարող է ինչ-որ մի կոնկրետ պատճառից ալերգիա ի հայտ գալ, սակայն որոշ մարդկանց մոտ ալերգիան կարող է միանգամից մի քանի բաներից առաջանալ»։ Ըստ նրա «ալերգիկ» հասկացություն չկա, քանի որ մարդու մոտ ալերգիան հստակ է, այնպես, ինչպես իմունային պատասխանը։

Հայաստանում ի՞նչ անալիզներ են հանձնում ալերգիկները

Կարելի է հանձնել արյան անալիզ, բայց ալերգիկ ռեակցիայի անմիջական տեսակը պարզելու համար պետք է կատարել in vivo եւ in vitro ուսումնասիրություններ։ Կան հատուկ ալերգեններ կամ անգամ ալերգիկների համար նախատեսված դեղորայք, բայց նաեւ կարելի է հիվանդների վրա հատուկ թեստեր կատարել։

«In vivo թեստերը ավելի արդյունավետ են, քան in vitro-ն», - ընդգծեց բժիշկը՝ ավելացնելով, որ կան հատուկ մեթոդներ, որոնք օգնում են պարզել, թե հիվանդը հատկապես ինչի նկատմամբ է գերզգայուն, ինչից հետո նրան իմունաթերապիա են նշանակում։

 Ինչ վերաբերում է ալերգիկների տրամադրության անկումներին, բժիշկը նշեց, որ «այն անձը, ով ամբողջ ժամանակ փռշտում է, եւ նրա քթից հոսում է, չի կարող լավ տրամադրություն ունենալ»։ Ըստ նրա, այդ տրամադրության վրա ազդում են եւ հիվանդությունը, եւ հոգեբանական դեպրեսիան, քանի որ ալերգիայով շատ տառապողներ գիշերները չեն կարողանում քնել անհանգստության պատճառով, եւ տառապում են դրանից։ Պարզվում է, որ ալերգիկ ռինիտներ ունեցող հիվանդների շրջանում ինքնասպանությունների թիվը նույնպես շատ մեծ է։ Սակայն բժշկությունն անում է հնարավոր ամեն ինչ ալերգիկների կյանքն ավելի հարմարավետ դարձնելու եւ ալերգիայի ախտանիշները թեթեւացնելու համար. բայց դա բուժում չէ։ Սա ախտորոշում է, հատուկ դեղամիջոցների արտադրություն, յուրաքանչյուր հիվանդի անհատական ​​խորհրդատվություն եւ այլն:

Ընդհանուր իմունոգլոբուլին Е

«Նախկինում ալերգիայի դեպքում արդիական էր ախտորոշել ընդհանուր իմունոգլոբուլին Е-ն»,-ասաց բժիշկը։ Սակայն, ընդհանուր իմունոգլոբուլին Е-ն

դրա համար ցուցանիշ չէ։ Այն չի կարող օգտագործվել ոչ ախտորոշման համար, ոչ էլ որպես չափանիշ՝ թերապիայի արդյունավետության համար։ Սակայն շատ բժիշկներ  

դրանով են առաջնորդվում։ Բժիշկը այն անվանեց «անհեթեթություն», քանի որ այս բոլոր մեթոդները որոշում են իմունոգլոբուլինը, իսկ ալերգիա առաջացնում է ոչ թե այդ ազատ իմունոգլոբուլին E-ն, որը արյան մեջ շրջանառվում է, այլ այն մեկը, որ բջիջներում է «նստած»։ «Ալերգիկ ռեակցիա առաջացնում է ոչ թե ազատ վիճակում գտնվող իմունոգլոբուլինը, այլ այն, որն ամրագրված է բջիջներին, նստում է մի որոշակի տեսակի բջջի վրա», - բացատրեց Գամբարովը։

Անի Լիպարիտյան

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել