• Latest news

Ի՞նչ է մայրական մահացությունը եւ ովքե՞ր են ռիսկի խմբում

25 հունիսի, 2014  18:51

Մայրական մահացությունը կնոջ մահն է՝ հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ կամ հետծննդյան 42 օրերի ընթացքում։ Այս մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության աշխատակազմի մոր եւ մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։

Ինչո՞ւ

Մայրական մահացության պատճառները հիմնականում բաժանվում են երկու խմբի.

• Մանկաբարձական պատճառներ, որոնք կապված են հղիության բարդությունների, ծննդաբերության կամ հետծննդյան խնդիրների հետ;

• Էքստրագենիտալ պատճառներ, որոնք ներառում են այն բոլոր հիվանդությունները, որոնք այդքան էլ կապ չունեն բուն հղիության հետ, քանի որ կինը կարող էր ունենալ դրանք նաեւ մինչեւ հղիությունը; այդ հիվանդությունները տարբեր են, օրինակ, սիրտ-անոթային եւ էնդոկրին հիվանդություններ, ուղեղի հետ կապված խնդիրներ, ուռուցքներ եւ այլն։

Մայրական մահացության դեպքերից շատերը կանխելի են, եթե դրանք կապված են առողջապահական համակարգի ու բժիշկների հսկողության եւ ճիշտ գործողությունների հետ։ Սակայն երբեմն, ինչպես նշել է Կարինե Սարիբեկյանը, դրանք հնարավոր չէ կանխել՝ նույնիսկ ամենազարգացած երկրների ամենալավ կլինիկաներում։

Ինչքա՞ն

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ 90-ականների համեմատ այսօր մայրական մահացության ցուցանիշներն աշխարհում մոտ 50 տոկոսով կրճատվել են, սակայն ամեն օր մոտ 800 կին շարունակում է մահանալ, ընդ որում այդ մահերի մեծ մասը տեղի է ունենում զարգացող երկրներում։

Հայաստանում մայրական մահացության ցուցանիշն այսօր 19.2 է՝ 100 000 ծնունդների հաշվով։ 90-ական թվականների համեմատ այդ ցուցանիշը մոտ երկու անգամ նվազել է։ Վերջին 3 տարիների ընթացքում երկրում գրանցվել է մահվան 22 դեպք։

Որտե՞ղ

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ մայրական մահացության ցուցանիշներն ավելի բարձր են գյուղաբնակ եւ ավելի աղքատ կանանց շրջանում։ Ի դեպ, նույն շրջաններում ավելի բարձր են նաեւ մանկական մահացության ցուցանիշները, ընդ որում, Կարինե Սարիբեկյանի խոսքով՝ ավելի լավ կրթված եւ շատ գիտելիքներ ունեցող կանանց երեխաները ավելի հազվադեպ են մահանում, քան ցածր կրթություն ունեցողներինը։

Ի դեպ, Հայաստանում, ինչպես նշել է Կարինե Սարիբեկյանը, մայրական մահացության դեպքերն ավելի հաճախ են գրանցվում Երեւանում, եւ ոչ թե մարզերում, սակայն դա կապված է այն բանի հետ, որ մայրաքաղաքում շատ ավելի շատ են ծննդաբերում, քան մարզերում։

Ի՞նչ անել

Կարինե Սարիբեկյանի խոսքով՝ առողջապահության համակարգի ազդեցությունը մայրական եւ մանկական մահացության ցուցանիշների վրա, ըստ ԱՀԿ-ի գնահատականի, չի գերազանցում 10-15 տոկոսը։ Մնացած դեպքերում դեր են խաղում ժառանգականությունը, կենցաղը, ապրելակերպը, վնասակար սովորությունները, եւ այլ նման գործոններ, որոնք ազդում են ոչ միայն հղիության ընթացքի, այլեւ ընդհանուր առողջության վրա։

Մայրական մահացությունը նվազեցնելու եւ կանխելու համար ԱՀԿ-ի մասնագետները բժիշկներին եւ մանկաբարձներին խորհուրդ են տալիս ուշադիր լինել հղիների նկատմամբ՝ գործելով ըստ ուղեցույցների եւ կանխելով բոլոր կանխելի խնդիրները։ Կանանց էլ կարելի է խորհուրդ տալ ուշադիր լինել իրենց առողջության եւ ապրելակերպի նկատմամբ ու հետեւել բժիշկների խորհուրդներին՝ նվազեցնելու համար ոչ միայն հղիության ընթացքում առաջացող խնդիրների, այլեւ շատ այլ հիվանդությունների ռիսկերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել