• Latest news

26-ամյա երիտասարդը նորից կարող է քայլել․ Հայաստանում առաջին անգամ հեմոֆիլիայով հիվանդին ծնկահոդի էնդոպրոթեզավորում է կատարվել

17 դեկտեմբերի, 2019  11:04

Հայաստանում առաջին անգամ հեմոֆիլիայով հիվանդին ծնկահոդի էնդոպրոթեզավորում է կատարվել, ինչի շնորհիվ 26-ամյա երիտասարդը նորից կարող է քայլել։ 1,5 ժամ տեւած վիրահատությանը մասնակցել են 6 օրթոպեդ եւ 2 հեմատոլոգ։

Հեմոֆիլիան գենետիկ հիվանդություն է, որը բնութագրվում է արյան մակարդելիության խախտումներով։ Այս հիվանդությունն ունեցող անձանց մոտ նույնիսկ փոքր քերծվածքը կարող է լուրջ եւ անկառավարելի արյունահոսության հանգեցնել, այդ պատճառով նրանց վիրահատելը ծայրահեղ դժվար է։

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Հեմոֆիալիայի բաժանմունքի պատասխանատու Հեղինե Խաչատրյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 26-ամյա երիտասարդի մոտ հեմոֆիլիայի միջին ծանրության դեպք է․ հաճախակի արյունահոսությունների հետեւանքով ախտահարվել են խոշոր հոդերը, եւ նորմալ քայլելու համար երիտասարդին ծնկահոդի էնդոպրոթեզավորում էր անհրաժեշտ։

«Տղան ուներ հեմոֆիլիայի 8-րդ գործոնի խնդիր․ ե՛ւ վիրատությունից առաջ, ե՛ւ հետո այդ գործոնը պետք է ներարկվեր՝ ծանր արյունահոսություններից խուսափելու համար։ Մեզ բավականաչափ դեղորայք էր պետք, եւ մենք, ունենալով հակահեմոֆիլային դեղորայքի ստացման բավականին շատ աղբյուրներ, այդ տղային կարողացել ենք օգնել։ Մեր խնդիրն էր, որ հեմոստազը ապահովեինք՝ հասցնելով գոնե 80 տոկոսի», - պատմեց մասնագետը։  

Հեղինե Խաչատրյանի խոսքով՝ ռիսկը բավականին մեծ է եղել․ վիրահատության ոչ հաջող ընթացքը կարող էր ընդհուպ մինչեւ մահվան հանգեցնել։

«Իրականում չես կարող իմանալ, այդ դեղը, որ ներարկում ես արյան մակարդելիությունն ապահովելու համար, կապահովի դրա բավարար մակարդակը, թե ոչ, հակամարմին կառաջանա, թե չի առաջանա․․․»

Վիրահատությունը կատարել են «Իզմիրլյան» ԲԿ-ի մասնագետները, ովքեր, տնօրեն Արմեն Չարչյանի խոսքով, բավականին երկար նախապատրաստվել են՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար։

«Մենք շատ լավ գիտակցում էինք՝ ուր ենք գնում, դա մոտավորապես «մահ իմացյալի» պես բան էր։ Մենք այդ փորձը ունեինք կոնքազդրային հոդի ախտահարումների դեպքում, 8 տարի առաջ կատարել էինք չորս կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման վիրահատություններ՝ Հեղինե Խաչատրյանի հետ միասին։ Դրանցից 2-ը դեռեւս «Էրեբունի» հիվանդանոցում, 2-ը արդեն «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Սակայն ծնկահոդն իր առանձնահատկություններն ունի՝ ե՛ւ իր բարդությամբ, ե՛ւ ոսկրի վրա աշխատելու ծավալով, ե՛ւ բիոմեխանիկայով։ Այդ իսկ պատճառով մենք մինչեւ հիմա հեմոֆիլիայով պացիենտի ծնկահոդի էնդոպրոթեզավորում չէինք կատարել։ Բավականաչափ լուրջ պատրաստվեցինք, նախապատրաստվելը տեւեց ամիսներ, հիվանդին ֆակտորները ներարկելով, դեղորայքային բուժմամբ, հասցրեցինք այն մակարդակի, որ արյան մակարդելիությունը այդ պահին դարձավ մոտավորապես նույնը, ինչ որ մյուս մարդկանց մոտ է։ Գնացինք ռիսկի եւ կատարեցինք այդ վիրահատությունը»։

Արմեն Չարչյանի խոսքով՝ չնայած այն փաստին, որ կանխատեսել էին հնարավոր բոլոր շեղումները ու փորձել էին պատրաստ լինել բարդություններին, վիրահատությունն անցել է հանգիստ՝ առանց որեւէ բարդության։

«Պրոթեզը շատ ամուր ստացվեց ներդնել։ Պացիենտը 7-րդ օրը գնաց տուն, այսօր եկել էր կարերը հանելու, որեւէ խնդիր չունենք։ Նա գտնվում է հեմատոլոգի հսկողության տակ։ 2-3 ամիս մինիմում պետք է, որպեսզի սպիները ձեւավորվեն, որոնք որ շարժումներից չեն արյունահոսի, դրանից հետո արդեն հիվանդը կարող է լիարժեք վերադառնալ իր նախկին կյանքին», - մանրամասնեց մասնագետը։

Վերջինս, անդրադառնալով աշխարհի փորձին, ընդգծեց, որ այսօր շատ քիչ երկրներում են կատարում այս վիրահատությունը․ «Ֆրանսիա, Անգլիա, Միացյալ Նահանգներ եւ սկանդինավյան երկրներում կատարվում է, իսկ տարածաշրջանում, որքան գիտեմ, չկա նման փորձ»։

Արմեն Չարչյանը նշեց, որ նույն խնդրով կան եւս 4 պացիենտներ, որոնց ծնկահոդերը շարքից դուրս են եկել, եւ քանի որ առաջին վիրահատությունը հաջող ընթացավ, նրանք հավանաբար նույնպես կվիրահատվեն։

Վիրահատության ենթարկված երիտասարդն այժմ ֆիզիոթերապիայի փուլում է, շաբաթական 2 կամ 3 անգամ դեղորայք է ստանում։

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բավականին արդյունավետ է վիրահատությունը, եւ եթե քաշ չեն հավաքում, առողջ ապրելակերպ են վարում, նման խնդրի այլեւս չեն բախվում», - եզրափակեց Հեղինե Խաչատրյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել