• Latest news

5-ամյա աղջիկն այլեւս խոսելու եւ շնչելու դժվարություն չի ունենա. հայ բժիշկները բարդագույն վիրահատություն են կատարել

17 հունիսի, 2023  12:52

Հնգամյա Դիանան (աղջկա անունը փոխված է) ծնվել էր հազվագյուտ պաթոլոգիայով․ անոմալ մեծ լեզուն լրջորեն ազդում էր նրա կյանքի որակի վրա։ Խախտված էին խոսքի, կլման, շնչառության գործընթացները և լեզուն բերանի խոռոչում պահելու հնարավորությունը։

Շուտով նա պետք է գնար դպրոց, որտեղ էլ ավելի շատ դժվարություններ կառաջանային՝ թե՛ սովորելու, թե՛ հասակակիցների հետ շփվելու ընթացքում։

Սակայն Դիանայի կյանքն այժմ արմատապես փոխվել է. դիմածնոտային վիրաբույժներ Անահիտ Շահինյանն ու Գրիգորի Խաչատրյանը կատարել են շատ բարդ, իսկապես եզակի վիրահատություն։

Հազվագյուտ պաթոլոգիա՝ Բեկվիդ-Վիդեմանի համախտանիշ

«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» ԲԿ դիմածնոտային վիրաբույժ Անահիտ Շահինյանը NEWS.am Medicine-ին պատմեց, որ Դիանան ծնվել է Բեկվիդ-Վիդեմանի համախտանիշով՝ բարդ պաթոլոգիա, որն արտահայտվում է զարգացման բազմաթիվ արատներով։ Աղջկա մարմնի ամբողջ ձախ կողմն անհամաչափ է և նկատելիորեն տարբերվում է աջից, ձախ վերջույթները նաև ավելի երկար են և հաստ:

VIDEO.00_10_22_00.Still005.jpg (524 KB)

Նա նաև ուներ բնածին մակրոգլոսիա՝ անոմալ մեծ, ասիմետրիկ լեզու։ Քանի որ լեզուն պարզապես չէր տեղավորվում բերանում, իսկ բերանը մշտապես բաց էր, աղջկա ստորին ծնոտն ու կծվածքը սխալ էին ձևավորվել։

Նման պաթոլոգիայով հիվանդներին, ինչպես պատմեց բժիշկ Շահինյանը, բավականին հազվադեպ են վիրահատում, այդ թվում՝ զարգացած երկրներում։ Խնդիրն այն է, որ նման վիրահատություններից հետո հիվանդի կյանքին սպառնացող բարդություններ կարող են առաջանալ, ուստի դրանք արվում են միայն շատ հիմնավոր պատճառների դեպքում։ Օրինակ, եթե լեզվի չափի պատճառով հիվանդը խնդիրներ ունի շնչառության, կծելու, խոսքի և կլման ակտի հետ:

Քանի որ Դիանան ուներ գրեթե բոլոր այս խնդիրները, վիրահատությունը նրան ցուցված էր։ Սակայն ոչ ոք չէր ստանձնում այդ պատասխանատվությունը: Ծնողները խորհրդակցել էին բազմաթիվ վիրաբույժների հետ և բոլորից լսել նույն պատասխանը. «Հայաստանում դա չեն անում»։ Բժիշկներից ոմանք հիշել էին, որ Հայաստանում նման վիրահատություն միայն մեկ անգամ է արվել, սակայն հիվանդն ավելի մեծ տարիքում է եղել, իսկ լեզուն՝ ոչ այնքան մեծ։

Դիանայի ծնողներն արդեն պատրաստվում էին նրան Ռուսաստան տանել, սակայն նրանց ծրագրերը փոխվեցին, երբ պատահաբար հանդիպեցին բժիշկ Շահինյանին։ Երեխային հետազոտելուց հետո բժիշկը խորհրդակցեց գործընկերոջ՝ դիմածնոտային վիրաբույժ, բ․գ․թ․, դոցենտ Գրիգորի Խաչատրյանի հետ։ Երկուսն էլ վստահությամբ ասացին, որ կանեն վիրահատությունը։

«Աղջկա ծնողները վստահեցին մեզ, և միանշանակ կարող եմ ասել, որ արդարացրեցինք նրանց սպասելիքները։ Հիմա բավական ժամանակ է անցել, որպեսզի վստահաբար ասենք, որ վիրահատությունը հաջող է եղել»,- ասաց բժիշկ Շահինյանը։

Վիրահատություն, որը տեւեց 1,5 ժամ 4-5 ժամի փոխարեն

Դիանային վիրահատեցին 2023թ․ մայիսի 22-ին։ Վիրաբույժները աղջկա լեզվից հեռացրեցին բավական շատ ավելորդ հյուսվածք (մոտ 25-26 գրամ), կարճացրեցին լեզուն՝ այն դարձնելով ավելի բարակ և սիմետրիկ, լեզվի շարժունակությունն ու ճիշտ երկարությունն ապահովելու համար նաև հատեցին սանձիկը։

գգգ.jpg (71 KB)

Կարևոր դեր խաղաց նաև անեսթեզիոլոգների թիմը. անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Աղավնի Համբարձումյանը և նրա գործընկերները կատարեցին բավականին բարդ նազոտրախեալ ինտուբացիա․ այսինքն ինտուբացիան ոչ թե բերանի խոռոչի, այլ քթի միջով է արվել:

Վիրահատությանը հաջորդող երեք օրն աղջիկն անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում՝  կերակրվելով հատուկ զոնդով։ Երեք օր անց, երբ լեզվի այտուցն սկսել էր իջնել, և աղջիկը կարողացել էր ինքնուրույն կուլ տալ և խմել, ինտուբացիոն խողովակը հանեցին, և հիվանդին տեղափոխեցին բաժանմունք՝ շարունակելով դեղորայքային բուժումը։

Հաջորդիվ, համոզված լինելով, որ ապաքինումն ընթանում է ինչպես հարկն է, մայիսի 31-ին բժիշկները Դիանային դուրս գրեցին հիվանդանոցից։

Նշենք, որ վիրահատությունն իրականացվել է պետպատվերի շրջանակում և ֆինանսական բեռ չի դարձել աղջկա ընտանիքի համար։

Արդյունք. Աղջկա խոսքն ավելի պարզ  է դարձել, ուտելը եւս ավելի հեշտ է ստացվում

Վիրահատության արդյունքն ակնհայտ է․ լեզվի այտուցն իջել է, աղջիկն արդեն կարող է հանգիստ տեղաշարժել այն և առանց անհարմարության պահել բերանի խոռոչում։ Ծնողներն ասում են, որ երեխայի խոսքը շատ ավելի պարզ է դարձել, ինչն իրենց աներևակայելի ուրախացնում  է։ Գրեթե ամեն օր բժիշկներին տեսանյութեր են ուղարկում Դիանայի նոր ձեռքբերումների մասին․ ինչպես է նա վարժվում կյանքին փակ բերանով, ինչպես է ժպտում, ինչպես է սովորում խոսել։

Ուտելը հիմա ևս ավելի հեշտ է ստացվում: Ոչ պակաս կարևոր է, որ վիրահատության արդյունքում լեզվի համի ռեցեպտորները չեն տուժել․ աղջիկը հիանալի տարբերակում է բոլոր համերը։

Հաջորդիվ աղջկա հետ պիտի աշխատեն տարբեր մասնագետներ՝ լոգոպեդ, օրթոդոնտ, օրթոպեդ վնասվածքաբաններ, լիարժեք ապաքինման համար։

 

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել