• Latest news

Ի՞նչով է վտանգավոր գրիպը, որով վարակվել են Տյումեն-Ադլեր գնացքի երեխաները

22 դեկտեմբերի, 2023  18:06

A գրիպը, որը հայտնաբերվել է Տյումեն-Ադլեր գնացքից դուրս բերված երեխաների մոտ, ուղեկցվում է ծանր ձևերով և կարող է հանգեցնել մահվան: Այս հիվանդության առանձնահատկությունների մասին «360»-ին պատմել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պյոտր Չումակովը։

Ավելի քան 100 երեխա է իջեցվել Տյումեն-Ադլեր գնացքից և ուղարկվել Սարատովի մարզի ինֆեկցիոն հիվանդանոց։ Տարածաշրջանի ղեկավար Ռոման Բուսարգինը հայտնել է, որ 60 երեխայի մոտ սուր շնչառական վիրուսային վարակի նշաններ կան, իսկ 15 հոգու մոտ անալիզով հայտնաբերվել է A գրիպ։ Նահանգապետը հաստատել է նաև, որ գնացքում 12-ամյա աղջիկ է մահացել։

Չումակովը նշել է, որ A գրիպից բացի, կա B գրիպ: A գրիպը, ըստ պրոֆեսորի, հիմնականում թռչունների միջոցով է փոխանցվում և մեզ մոտ «թռչում-գալիս է» Հարավարևելյան Ասիայից, ինչի պատճառով էլ սեզոնային հերթական համաճարակն է սկսվում:

«Կարելի է ասել, որ սա թռչնագրիպ է, որը տարբեր ձևեր ունի և բնութագրվում է H1 և N1 անվանումներով,- ճշտել է կենսաբանական գիտությունների դոկտորը։- Այս դեպքում [գնացքի հետ կապված] ես չգիտեմ, թե որ  A գրիպն է հայտնաբերվել, բայց, ամենայն հավանականությամբ, դա այն է, ինչ սպասում էինք, այսպես կոչված, Հոնկոնգյան տարբերակը: Այն իսկապես շատ ավելի պաթոգեն է, քան B գրիպը:  B գրիպը մարդկային գրիպ է, այսինքն՝ շրջանառվում է միայն մարդկանց մեջ: Քանի որ այն շրջանառվում է մարդկանց մեջ բավականին երկար ժամանակ, ուստի,  այն աստիճանաբար վերածվում է ավելի մեղմ տարբերակի՝ ճիշտ այնպես, ինչպես COVID-ը»,- հավելել է նա։

Գրիպը, որը  մարդկանց է փոխանցվում կենդանիներից, օրինակ՝ թռչուններից կամ խոզերից, հակված չէ մեղմանալու, քանի որ վիրուսը գալիս է այլ տեսակից, բացատրել է փորձագետը։

Թռչունների մոտ գրիպի այս տեսակը հարմարվում է, ուստի ավելի հեշտ են տանում, բայց մարդիկ ծանր են հիվանդանում, նշել է Չումակովը։

«Հիմա երեխաները հիվանդ են այս գրիպով, պարզ չէ, թե ով է եղել դրա աղբյուրը։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ վարակված երեխա կամ նույնիսկ մեծահասակ պարզապես նստել է այս գնացքը և վարակել այս գնացքում գտնվող երեխաներին, ինչի պատճառով էլ նման բռնկում է տեղի ունեցել։ Փակ տարածքներում, օրինակ՝ զբոսաշրջային նավերում, ինքնաթիռներում և այլ վայրերում այդպիսի բան լինում է: Շուտով  պարզ կդառնա, թե սա ինչ գրիպ է, և որքանո՞վ է անոմալիա, այսինքն՝ սպասվածի համեմատ ի՞նչ  ուրիշ տեսակ է»,- ասել է պրոֆեսորը։

Ըստ գիտությունների դոկտորի, գրիպն իսկապես երբեմն ուղեկցվում է ծանր ձևերով։ Բայց քանի որ ընդամենը մեկ երեխա է մահացել, վիճակագրության մասին դեռ պետք չէ խոսել, քանի որ դա կարող է հանգամանքների բերումով  լինել, ասել է «360»-ի զրուցակիցը։ 30 դեպքից առնվազն երկուսը կարելի է վիճակագրություն համարել, ճշտել է նա։

«Այո, սա, ըստ երեւույթին, լուրջ գրիպ է, որը կարող է մահվան պատճառ դառնալ: Բայց մենք չգիտենք, թե ինչով էր հիվանդ այդ աղջիկը, միգուցե սրտի ինչ-որ արատ կամ ուրիշ հիվանդություն ուներ»,- ընդգծել է կենսաբանը։

Պրոֆեսորը պարզաբանել է, որ սովորական մրսածությունն այնքան էլ սուր չի ընթանում, ինչպես գրիպը։ Մրսածության դեպքում, ըստ  կենսաբանական գիտությունների դոկտորի, առաջանում է կոկորդի ցավ և քթահոսություն, և մարդն իրեն վատ է զգում։ Գրիպը սովորաբար ավելի սուր ախտանիշներ ունի։

«Եթե դա գրիպի լուրջ ձև է, ապա սովորաբար դա բարձր ջերմություն է, լուսավախություն, երբ ցանկություն է առաջանում փակել վարագույրները, փսխում է լինում: Հիվանդությունն ավելի կտրուկ է սկսվում, նկատվում է թունավորում։ Սրանք առաջին նշաններն են, որ, ամենայն հավանականությամբ, դա գրիպ է, այլ ոչ թե պարզապես մրսածություն, որը կարելի է ոտքի վրա տանել»,- եզրափակել է Չումակովը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է