• Latest news

Բրիտանիայում սկսվել են մելանոմայի դեմ աշխարհում առաջին «անհատական» պատվաստանյութի փորձարկումները

7 մայիսի, 2024  00:26

Բրիտանիայում սկսվել են մելանոմայի դեմ աշխարհում առաջին «անհատական» (այսինքն՝ կոնկրետ պացիենտին հարմարեցված) պատվաստանյութի փորձարկումները, մելանոման մաշկի քաղցկեղի ամենամահաբեր տեսակն է, գրել է BBC-ն։

Առաջինը դեղամիջոցն ստացել է 52-ամյա Սթիվ Յանգը, որն անցած տարվա օգոստոսին վիրահատվել է, հեռացվել է գլխի մաշկի մազածածկույթի մի մասը, որտեղ գտնվելիս է եղել ուռուցքը։

Պատվաստանյութը պետք է օգնի Սթիվի իմունային համակարգին ճանաչել եւ ոչնչացնել օրգանիզմում մնացած բոլոր քաղցկեղային բջիջները։

Բժիշկները հուսով են, որ դա թույլ կտա խուսափել հիվանդության կրկնությունից, քանի որ պատվաստված օրգանիզմում նոր ուռուցքը արդեն չի կարողանա ձեւավորվել։

Դեղամիջոցի, որը դեռ անվանում չունի, միայն կոդավորում ունի՝ мРНК-4157 (V940), ազդեցությունը հիմնված է այն նույն տեխնոլոգիայի վրա, ինչն օգտագործվում է  Covid-19-ի դեմ կիրառվող երկու պատվաստանյութերում։ Բրիտանիայում պատվաստանյութն անցնում է կլինիկական փորձարկումների վերջին՝ 3-րդ փուլը։

Լոնդոնի Համալսարանական քոլեջի կլինիկայի (UCLH) բժիշկները որոշել են լրացուցիչ ապահովագրվել, ուստի պատվաստանյութի հետ միասին կամավորները միաժամանակ ստանում են նաեւ պեմպրոլիզումաբի (նույն Keytruda-ի) չափաբաժին, որը նույնպես օգնում է իմունային համակարգին ոչնչացնել քաղցկեղային բջիջները։

Համադրված բուժումը մշակվել է ամերիկյան երկու ընկերությունների՝ Moderna-ի եւ Merck Sharp and Dohme-ի (MSD) հետ համատեղ եւ առայժմ հասանելի է պացիենտներին միայն կլինիկական փորձարկումների շրջանակում։

Բրիտանիայից բացի փորձը զուգահեռ կկատարվի նաեւ մի քանի երկրներում, այդ թվում Ավստրալիայում, որպեսզի ավելի շատ տվյալներ հավաքվեն եւ հասկացվի, թե արդյոք իմաստ ունի ընդլայնել փորձարկումները նաեւ այդուհետ։

Պատվաստանյութը զուտ անհատական է, այսինքն՝ դեղամիջոցի վերջնական բաղադրությունը ընտրվում է այս կամ այն կոնկրետ պացիենտին համապատասխան։ Ավելի ճիշտ՝ կոնկրետ ուռուցքի գենետիկ կոդին համապատասխան։

Այդ դեպքում (գոնե տեսականորեն) դեղամիջոցը պացիենտի օրգանիզմում պետք է առաջացնի հակամարմինների արտադրություն, որոնք կթիրախավորվեն հենց քաղցկեղի բջիջների ոչնչացման վրա, միայն դրանց։

Դոկտոր Հիզեր Շոուն Կալիֆոռնիայի համալսարանից ասում է, որ ներկայում նույն դեղամիջոցը փորձարկվում է քաղցկեղի (թոքերի, երիկամների եւ միզապարկի) այլ տեսակներ ունեցող պացիենտների վրա։

«Պատվաստանյութը ընտրվում է անհատապես յուրաքանչյուր կոնկրետ պացիենտի համար։ Մեկ ուրիշին դա տալն անիմաստ է, այն ուրիշ որեւէ մեկին հարմար չի լինի։ Սա առավելագույն չափով անհատականացված մոտեցում է,- նշել է նա։- Անհավանական դժվար է տեխնիկապես, քանի որ կոնկրետ պացիենտի համար փաստորեն ընտրվում է դեղամիջոցի քիմիական բաղադրությունը»։

Բրիտանիայում իրականացվող փորձարկումներին մասնակցելու է 60-70 պացիենտ երկրի ութ օնկոլոգիական կենտրոններից, այդ թվում Լոնդոնից, Մանչեսթրից, Էդինբուրգից եւ Լիդսից։

Լավագույն արդյունքի հասնելու համար որպես կամավորներ ընտրում են միայն նրանց, որոնք վիրահատվել են ուռուցքը հեռացնելու համար վերջին երեք ամիսների ընթացքում։

Որոշ կամավորներ պատվաստանյութի հետ միասին կստանան պլացեբո։ Բայց ոչ նրանք, ոչ բուժող բժիշկները չեն իմանա, թե որ խմբում է հայտնվել կոնկրետ կամավորը։

Սթիվ Յանգը բուժումն ստանում է Լոնդոնում։

«Կլինիկական փորձարկումներին մասնակցությունը ինձ հնարավորություն տվեց զգալ, որ ես իսկապես ինչ-որ բան եմ անում պոտենցիալ անտեսանելի թշնամու դեմ պայքարում»,- ասել է երաժիշտը։

«Սքանավորումը ցույց է տվել, որ ճառագայթային առումով ես մաքուր եմ, բայց դեռ պահպանվում է հավանականությունը, որ ինչ-որ տեղ իմ օրգանիզմում քաղցկեղի բջիջներ են մնում, որոնք չեն նկատվել»։

«Այնպես որ, պարզապես նստել եւ սպասելու փոխարեն, թե երբ հիվանդությունը կվերադառնա, ես շանս եմ ստացել մասնակցել մարտին, հագնել բռնցքամարտիկի ձեռնոցներն ու պայքարել նրա [քաղցկեղի] դեմ»։

Սթիվը երկար տարիներ գլխի մազածածկույթի գնդի վրա ուշադրություն չէր դարձնում, մինչեւ որ քաղցկեղ ախտորոշվեց։ Նրա խոսքով՝ դա մեծ ցնցում էր նրա համար։

«Մի երկու շաբաթ ես միայն դրա մասին էի մտածում, դե ահա, սա վերջն է,- խոստովանում է նա։- Հայրս մահացել է էմֆիզեմայից 57 տարեկանում, եւ ես վստահ էի, որ ես ավելի երիտասարդ կմահանամ»։

Ահա մելանոմայի առաջին ախտանշանները, որոնց պետք է ուշադրություն դարձնել.

մարմնի վրա նոր տարօրինակ խալի առաջացմանը,

արդեն գոյություն ունեցող խալի պիգմենտացիայի աճին կամ փոփոխությանը,

մաշկի նախկինում սովորական հատվածի պիգմենտացիայի փոփոխությանը։

Որքան ավելի շուտ հայտնաբերվի ուռուցքը, այնքան ավելի հեշտ կլինի ազատվել նրանից, քանի որ ավելի բարձր է հաջող բուժման հավանականությունը։

Կլինիկական փորձարկումների 2-րդ փուլի արդյունքները, որոնք հրապարակվել են դեկտեմբերին, ցույց են տվել, որ պատվաստանյութի ներարկումը Keytruda լրացուցիչ իմունաթերապիայով գրեթե կրկնակի բարձրացնում է հավանականությունն այն բանի, որ վիրահատությունից հետո երեք տարվա ընթացքում քաղցկեղը չի վերադառնա։

Դոկտոր Շոուի խոսքով՝ կարելի է հուսալ, որ փորձնական թերապիան «բեկումնային պահ» կդառնա, եւ ոչ վերջին հերթին այն պատճառով, որ «բավական հանդուրժելի կողմնակի ազդեցություններ ունի»։

Դոկտորը նշել է, որ դրանց թվին է պատկանում նախաբազկի (որտեղ կատարվում է պատվաստումը) հոգնածությունը եւ ցավը, այսինքն՝ պացիենտների մեծ մասը պետք է պատվաստումը տանի ոչ վատ, քան գրիպի կամ քովիդի դեմ պատվաստման դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել