• Latest news

Գերմանիայի լավագույն բժիշկները կկարողանան ԱՐՄԵԴ-ի միջոցով երկրորդ կարծիք տրամադրել

1 հոկտեմբերի, 2025  09:59

Էլեկտրոնային առողջապահության միասնական ԱՐՄԵԴ համակարգն սպասարկող՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունն ընդլայնում է  արտերկրի լավագույն բժիշկների հետ համագորակցությունը, որոնցից կարելի է առցանց եղանակով երկրորդ կարծիք ստանալ ՝ համակարգի միջոցով։ Եվրոպայի եւ Գերմանայի առաջատար բժշակական հաստատություններից մեկը համարվող Ֆրայբուրգի համալսարական կլինիկայից հերթական խումբն  էր ժամանել Երեւան՝ համագործակցությունը քննարկելու։

Ֆրայբուրգի համալսարական հիվանդանոցում հնարավոր է հիվանդությունների հազվադեպ հանդիպող ենթատեսակների ախտորոշում իրականացնել։ Դա իր հերթին առավել թիրախային եւ արդյունավետ է դարձնում բուժումը,  այդ թվում՝ նաև  այն դեպքերում, երբ հիվանդությունը չի արձագանքում բուժման ավանդական մեթոդներն։

Ֆրայբուրգի համալսարական կլինիկան բարձրակարգ մասնագետների թիմ ունի գրեթե բոլոր բժշկական ոլորտներում՝ օնկոլոգիայից մինչև սրտաբանություն և նյարդաբանություն։ Կլինիկան  հայտնի է նորարարական մոտեցումների կիրառմամբ։ ԱՐՄԵԴ-ի հետ համագործակցությունն անուղղակիորեն Հայաստան է բերելու բժշկական հաստատության լավագույն փորձը՝ իր ազդեցությունն ունենալով նաեւ առողջապահական համակարգի զարգացման վրա։

Սա հնարավորություն կտա ստանալ արտերկրի լավագույն  մասնագետների երկրորդ կարծիքը՝ բարդ դեպքերում, և հատկապես  այնպիսի  իրավիճակներում, երբ բուժման կարիք ունեցող  քաղաքացին պարզապես հնարավորություն չունի մեկնել արտերկիր:

«Այսօր Հայաստանը գնում է դեպի թվային առողջապահություն: Դրա արդյունքում այնպիսի հաստատությունը, ինչպիսին Ֆրայբուրգի համալսարանական  կլինիկան է,  երկրորդ կարծիք  կկարողանա տրամադրել մեր բուժառուներին:  Այս կլինիկան նաև կարողանում է կոնկրետ հիվանդության խմբի մեջ ավելի նեղ տեսակները տարբերակել և դրանց համար թիրախային բուժում առաջարկել, ինչը շատ արդյունավետ է: Այս համագործակցությունը նաև մեզ կրթում է, նրանք իրենց  գիտելիքը կիսում են մեզ հետ, ու դա արվում է պրակտիկ եղանակով: Կոնկրետ դեպքերի բուժման ընթացքում,  որպեսզի երկրորդ կարծիք տրամադրեն, նրանք կարող  են մեզնից պահանջել պարամետրեր, որոնք մենք դեռևս չունենք, բայց  համարելով , որ դրանք կարևոր են թիրախային բուժման համար, Առողջապահության նախարարությունը  կսկսի այդ պարամետրերը ներդնել: Սա նշանակում է զարգացում, սա նշանակում է առաջընթաց առողջապահության ոլորտում և  հոգածություն սեփական քաղաքացիների նկատմամբ», -ասում է  «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը:

Ֆրայբուրգի  համալսարանական կլինիկայի Ռևամատոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ռայնհարդ Էդմունդ Ֆոլլն իր հերթին ավելացնում է, որ  Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի հատուկ փորձառությունը կարող է օգնել  հատկապես ծանր հիվանդություններով տառապող  հիվանդներին և նրանց բժիշկներին՝ գտնելու իսկապես օպտիմալ բուժումը և ճիշտ ախտորոշումը, որովհետև որոշ դեպքերի համար իրենք առաջադեմ մեթոդներ ունեն։

«Մենք կարող ենք երկրորդ կարծիք տրամադրել  նաև հեռավար եղանակով։ Երբ մենք տեսնում ենք արդյունքները, որոնք հասանելի են էլեկտրոնային եղանակով,  կարող ենք հիվանդի հետ նաև տեսախորհրդատվություն անցկացնել։ Բայց առաջին քայլը, որը շատ դեպքերում լիովին բավարար է, հենց հեռավար խորհրդատվություն է՝ հիմնված առկա էլեկտրոնային նյութերի վրա։ Իսկ ԱՐՄԵԴ–ն ունի ամբողջովին էլեկտրոնային բժշկական քարտի համակարգ, ինչը պարզապես գերազանց է։ Ես շատ տպավորված եմ»,-նշում է պրոֆեսոր Ֆոլլը։

ԱՐՄԵԴ համակարգը ներկայումս լրջորեն աշխատում  է թվային առողջապահության զարգացման ուղղությամբ: «Այսինքն,  մենք ձգտում ենք նրան, որպեսզի պահանջվող ինֆորմացիան թվային և միջազգայնորեն ընդունված կոդավորման  տեսքով ստացվի, որը թույլ կտա ճշգրիտ երկրորդ կարծիք տրամադրել մեր բուժառուներին»,-ասում է Ավետ Մանուկյանը:

Դրան հասնելու համար նա կարևորում  է բուժհաստատությունների կողմից բուժառուին մատուցված ծառայության արդյունքում առաջացած  տվյալների մուտքագրումը ԱՐՄԵԴ համակարգ, որպեսզի դրանք ամբողջական եղանակով հասանելի լինեն բուժառուին, որոնք նա արագ կկարողանա օգտագործել  ի շահ իր առողջության՝ ժամանակին ստանալով ճիշտ ախտորոշում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll