• Latest news

Կրծքով կերակրման խթանումը Հայաստանում. խնդիրներն ու ձեռքբերումները.ՄԱՍ 2

12 ապրիլի, 2015  19:50

Արհեստական կաթնախառնուրդի ցանկացած գովազդ Հայաստանում արգելված է, իսկ բուժաշխատողները պարտավոր են ամեն կերպ խրախուսել երեխայի առողջության համար անհրաժեշտ կրծքով սնուցումը:

Սույն հոդվածի առաջին մասում NEWS.am Medicine-ի թղթակիցը փորձել է պարզել, խրախուսվում է արդյոք կրծքով կերակրելը Երեւանում։ Խնդիրը մեկնաբանել են բժիշկներն ու ծննդկանները:

Իսկ ի՞նչ վիճակ է մարզերում

Մանկաբույժ Կարինե Կուրոյանը (Թալին, Արագածոտն) NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ, իր կարծիքով, երեւանյան ծննդատների մեծ մասում կրծքով կերակրման գործընթացը անմխիթար վիճակում է, եւ մայրաքաղաքում երեխա ունենալու մեկնած մարզերում բնակվող կանայք տուն են վերադառնում շշերով և կաթնախառնուրդով:

«Բժիշկները ստիպում են անփորձ կանանց խուճապի մատնվել, ասում են, որ երեխան քաշ է կորցնում եւ պահանջում են նրան արհեստական կերով կերակրել, որ «սոված չմնա»: Իսկ իրականում ծնվելուց հետո քաշի որոշակի կորուստը նորմալ ֆիզիոլոգիական երեւույթ է», - նշել է բժիշկը:

Մանկաբույժը ինքն էլ է բախվել այդ խնդրին: Կարինե Կուրոյանի դուստրը վերջերս ծննադաբերել է Երեւանում, եւ նրան ոչ միայն չեն օգնել կերակրել երեխային, այլեւ անմիջապես ծննդաբերելուց հետո արհեստական կաթնախառնուրդ եւ ծծակով շիշ են պահանջել: Դստեր դուրս գրվելուց հետո միայն մանկաբույժը մեծ դժվարությամբ կարողացել է երեխային սովորեցնել մայրական կրծքին:

Արհեստական սնուցման խթանման խնդիրը, իհարկե, միայն Երեւանի ծննդատներին չէ հատուկ. նման բան տեղի է ունենում նաեւ մարզերում: Սակայն, Կարինե Կուրոյանի խոսքով, մի շարք պատճառներով մարզերում այդ խնդիրն այդքան սուր չի: Պատճառներից մեկն այն է, որ մարզերում հաճախ են իրականացվում միջազգային կազմակերպությունների ծրագրերն ու միջոցառումները (օրինակ Վորլդ Վիժն-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականաացվող), որոնք բարձրացնում են ոչ միայն բուժանձնակազմի, այլ նաեւ երիտասարդ մայրիկների գրագիտության աստիճանը: Բացի այդ՝ Երեւանում ավելի շատ երեխաներ են ծնվում, եւ բացառված չէ, որ արհեստական կաթնախառնուրդ ներմուծողներին ուղղակի ձեռնտու չէ նույնքան ակտիվորեն համագործակցել մարզային ծննդատների հետ:

NEWS.am Medicine-ի թղթակիցը այցելել է մարզային մի քանի ծննդատուն, հանդիպել ծննդկանների հետ: Չնայած նրան, որ մարզային ծննդատների պայմանները շատ առումներով զիջում էին մայրաքաղաքի բուժհաստատությունների պայմաններին, այստեղ նույնպես ապահովվում էր կանանց եւ նորածինների համատեղ կեցությունը, բոլոր պատերին փակցված էին կրծքով կերակրելը խրախուսող պաստառներ, իսկ արհեստական կերերի գովազդը բացակայում էր: Մեր թղթակիցը ծանոթացել է նաեւ մարզային կլինիկաներում բացվող ռեսուրս-կենտրոններին, որտեղ ապագա մայրիկները կարող են անհրաժեշտ գիտելիքներ ու տեղեկատվություն ստանալ:

Մարզերն, անշուշտ, իրենց խնդիրներն ունեն, նշել է մանկաբույժը: Մասնավորապես, մի շարք խնդիրներ են առաջացնում գյուղաբնակ տատիկները, որոնք փոքրիկներին կովի կաթ են տալիս, որը նրանց միանգամայն հակացուցված է: Երիտասարդ մայրիկները հիմնականում ավելի գրագետ են եւ ցանկանում են կերակրել կրծքով, բայց շատ տներում իշխում են տատիկները, որոնք չեն ցանկանում լսել մասնագետներին։

Ո՞րն է մայրական կաթի առավելությունը արհեստական կերի նկատմամբ

Ինչպես նշել է ՀՀ Առողջապահության նախարարության երեխայի առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը, կրծքով սնուցման առավելությունները հայտնի են շատ վաղուց, եւ բոլոր մասնագետները միանշանակ պնդում են, որ ոչ մի արհեստական կաթնախառնուրդ չի կարող փոխարինել մայրական կաթը: Բանն այն է, որ ամեն կնոջ կրծքի կաթը ասես «նախատեսված» լինի հենց իր երեխայի համար, դրա կազմը համապատասխանում է երեխայի պահանջներին եւ փոխվում է օրվա ժամի, եղանակի եւ երեխայի տարիքի հետ կապված: Ի դեպ, հետաքրքիր է, որ երկվորյակներ լույս աշխարհ բերած մայրիկների կաթը զգալիորեն տարբերվում է այն կանանց կաթից, որոնք միայն մեկ երեխա են լույս աշխարհ բերել:

«Կրծքի կաթը «կենդանի է», այն պարունակում է բազմաթիվ կենդանի բջիջներ, որոնք պաշտպանում են երեխային մի շարք հիվանդություններից եւ վարակներից: Արհեստական խառնուրդներում նման բջիջներ չկան, դրանք հիմնականում արտադրված են հատուկ մեթոդով վերամշակված կովի կաթից, որն իր բաղադրությամբ լիովին տարբերվում է կրծքի կաթից», - նշել է Նունե Փաշայանը:

«Վստահություն» հ/կ ղեկավար Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ արդեն կան տվյալներ, որոնց համաձայն՝ կրծքի կաթ ուտող երեխաների մահվան վտանգը առաջին վեց ամիսների ընթացքում 14 անգամ ավելի ցածր է քան արհեստական խառնուրդ ուտողներինը: Հիվանդացության մակարդակը այս երեխաների մոտ նույնպես ցածր է, բացի այդ՝ մայրական կաթը պաշտպանում է երեխային ճարպակալումից եւ մի շարք քրոնիկ հիվանդություններից նրա հետագա կյանքում:

«Վերջերս մենք մանկական բաժնում զննում էինք հիվանդ երեխաներին: Պարզվեց, որ նրանք բոլորն էլ սնվում են արհեստական խառնուրդներով: Հիվանդ երեխաների մեծամասնությունը սնվում է արհեստական կաթնախառնուրդով, եւ դա ապացուցում է, որ այդպիսի երեխաները՝ մայրական կաթով սնվողների համեմատ, շատ ավելի հաճախ են հիվանդանում», - նշել է մասնագետը:

Հատկանշական է, որ կրծքով կերակրելը օգտակար է ոչ միայն երեխաների, այլ նաեւ կերակրող մայրերի համար: Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ այն ոչ միայն չի «փչացնում» կազմվածքը, այլ, ընդհակառակը, օգնում է նիհարել ծննդաբերությունից հետո: Ավելին՝ մասնագետները պնդում են, որ կրծքով կերակրելը պաշտպանում է կնոջը կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի զարգացումից, ինչպես նաեւ օստեոպորոզից եւ անեմիայից:

Ի՞ն չ քայլեր կարելի է ձեռնարկել կրծքով սնուցումը խթանելու համար

Այսպիսով, Հայաստանում ընդունված է կրծքով սնուցումը խչրախուսող օրենք, եւ բոլոր ծննդատների ներկայացուցիչները միաբերան պնդում են, որ չեն խախտում օրենքի պահանջները եւ անում են ամեն հնարավորը, որպեսզի ծննդկանը կրծքով կերակրի երեխային: Սակայն, հակառակ այս հավաստիացումների՝ բազմաթիվ կանայք պնդում են, որ իրենց ոչ միայն չեն օգնել կրծքով կերակրել, այլ նաեւ տարբեր արհեստական կաթնախառնուրդներ են պարտադրել՝ անգամ օրենքի ընդունումից հետո: Բացի այդ՝ NEWS.am Medicine-ի թղթակիցը, շրջելով ծննդատներում, որոշ բժիշկների կաբինետներում տեսել է թաքնված կամ ակնհայտ գովազդով օրացույցեր, ինչը, ի դեպ, եւս օրենքի խախտում է:

Օրենքը, Սուսաննա Հարությունյանի խոսքով, շատ լավն է եւ համապատասխանում է բոլոր միջազգային պահանջներին: Սակայն, եթե այն չկիրառել պրակտիկայում եւ չհետեւել այդ ընթացքին, օրենքն այդպես էլ կմնա թղթի վրա:  Բացի այդ՝ վտանգներից մեկն այն է, որ արհեստական կերերի արտադրողներն ու ներմուծողներն այնքան հարուստ են, որ կարող են իրենց թույլ տալ տուգանքներ վճարել եւ շարունակել խախտել օրենքը հանուն մեծ շահույթների:

Նունե Փաշայանի համոզմամբ՝ կրծքով կերակրելը խրախուսելու համար արդեն իսկ շատ բան է արվել, եւ ներդրված ջանքերի շնորհիվ կրծքով կերակրող մայրերի թիվը շարունակում է աճել: Եթե 1994 թվականին կրծքով կերակրում էր մայրերի միայն 20 տոկոսը, ապա հիմա կերակրում է գրեթե 80 տոկոսը: Սակայն մինչեւ վեց ամիսը ԲԱՑԱՌԱՊԵՍ կրծքով կերակրողների թիվը, Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության 2010 թվականի տվյալներով, 35 տոկոս է կազմում, այնինչ իդեալում այդ ցուցանիշը պետք է ձգտի հասնել 95 տոկոսի:

Մասնագետների խոսքով՝ դեռեւս շատ անելիքներ կան նվաճումները չկորցնելու եւ ցուցանիշները էլ ավելի բարելավելու համար։

Ի՞նչ կարելի է անել

1. Նորմատիվ ակտեր

Վերոնշյալ օրենքից բացի՝ պետք է ընդունել նաեւ մի շարք նորմատիվ ակտեր, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել այն հարցերը, որոնք այս կամ այն պատճառով չեն արտացոլվել օրենքում: Այդ նորմատիվ ակտերը, Սուսաննա Հարությունյանի խոսքով, պետք է սահմանեն, որ դեպքերում կարելի է երեխային անվճար արհեստական կաթնախառնուրդ տրամադրել, ինչ պետք է գրված լինի արհեստական կաթնախառնուրդի տուփերի վրա, ինչպես եւ ինչ հիմունքներով են ծննդատները կաթնախառնուրդ ձեռք բերելու եւ այլն:

2. Վերահսկողություն

Սուսաննա Հարությունյանի կարծիքով՝ անհրաժեշտ է նաեւ հստակ վերահսկողություն սահմանել ծննդատների եւ պոլիկլինիկաների նկատմամբ: Հատուկ պատրաստություն անցած մասնագետների խմբերը պետք է այցելեն պոլիկլինիկաներ եւ ծննդատներ եւ հարցումներ անցկացնեն ծննդկանների շրջանում՝ նախընտրելի է՝ նրանց դուրս գրվելուց հետո: Ժամանակին այսպիսի հետազոտություններ Հայաստանում իրականացվում էին, եւ դրանք պետք է նորից ձեռնարկվեն, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր պարզել, ինչքանով են բուժհաստատությունում հետեւում օրենքին:

Արմեն Եփրեմյանն իր հերթին նշել է, որ 42 հասարակական կազմակերպություն միավորվել է այս խնդրի շուրջ՝ «Մոր եւ մանկան առողջության ալյանս» կազմելով: Հ/կ-ները պատրաստվում են մոնիթորինգ անցկացնել՝ ծննդատներում բացթողումները հայտնաբերելու համար, ինչը հնարավորություն կտա իշխանություններին եւ հասարակական կազմակերպություններին հասկանալ, որ ուղղությամբ է պետք շարժվել:

3. Տեղեկատվություն

Շատ կարեւոր է նաեւ բարձրացնել հղիների կրթության եւ իրազեկվածության մակարդակը, որպեսզի վերջիններս, գալով ծննդատուն, տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին: Հենց իրազեկվածության պակասի պատճառով են կլինիկաների բուժանձնակազմի եւ կրծքով կերակրման հետ խնդիրներ ի հայտ գալիս: Եթե կինը անհրաժեշտ տեղեկություններ ունենա կրծքով կերակրելու մասին, նա տրամադրված կլինի կերակրելուն: Իսկ եթե նա իմանա, ինչը թույլատրելի է բուժանձնակազմին, իսկ ինչը՝ ոչ, մոլորեցնել նրան շատ ավելի դժվար կլինի:

Իսկ որտեղից կինը կարող է քաղել այդ գիտելիքները: Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ այդպիսի տեղեկությունների աղբյուր կարող էին լինել նախածննդաբերական կուրսերը եւ հատուկ սեմինարները, այդ թվում նաեւ բուժանձնակազմի համար, որոնք Հայաստանում գրեթե չեն կազմակերպվում։

4. Առողջապահության ոլորտի ծրագրերը

1995 թ.-ից սկսած ՀՀ Առողջապահության նախարարության, ԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցության շրջանակներում մշակվել են և իրականացվել առանձին ծրագրեր, ուղղված վաղ մանկության շրջանում երեխաների առողջության և սնուցման բարելավմանը, որոնցից է առողջ սնուցման հանրային իրազեկման ծրագիրը, որի շրջանակներում մշակվել և ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են «Կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցման գործելակարգի վերաբերյալ» ձեռնարկները՝ ծննդոգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների և առողջության առաջնային պահմանման ոլորտի բուժաշխատողների համար, ինչպես նաև հղիներին և մայրերին ուղղված հանրային իրազեկման նյութերը:

2014 թ.-ից մեկնարկվել է մանուկների և վաղ հասակի երեխաների առողջության և սնուցման բարելավման համապարփակ ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ՝ հանրապետության ամբողջ տարածքով: Ծրագրի շրջանակներում իրականացվում են դասընթացներ բուժաշխատողների շրջանում, որպեսզի հանրապետության բոլոր բուժ հաստատություններում երեխաները ստանան ստանդարտներին համապատասխան բուժօգնություն և խորհրդատվություն: Ընտանիքներում երեխաների սնուցման և խնամքի բարելավման նպատակով անցկացվում են դասընթացներ և հանրային միջոցառումներ երեխայի առողջության, աճի, զարգացման ու սնուցման տարբեր հարցերի վերաբերյալ: Հիմնվում են ծնողական կրթության կենտրոններ առողջության առաջնային պահպանման հաստատություններում:

Մասնագետների կարծիքով՝ բոլոր այս ծրագրերը կարող են իրենց դերն ունենալ կրծքով սնուցման խրախուսման, երիտասարդ ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացման ու երեխաների սննդի բարելավման հարցում:

Եթե հետաքրքիր պատմություններ ունեք, կիսվեք դրանցով՝ նամակ գրելով [email protected] եւ/կամ [email protected] հասցեներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել