Եգիպտոսում կիկլոպ երեխա է ծնվել՝ ճակատին մեկ աչքով ու առանց քթի: Այս երեւույթը բժիշկներն անվանում են «կիկլոպիա», բնածին արատ, որի դեպքում ակնախոռոչները ու աչքի խնձորակները սխալ են ձեւավորվում պտղի ներարգանդային զարգացման ժամանակ:
Կիկլոպիան առաջանում է հղիության առաջին փուլերում, երբ զարգանում են պտղի ուղեղն ու աչքերը: Սովորաբար կիկլոպները քիթ չեն ունենում, դրա փոխարեն նրանց աչքի տակ մկանային փոքր կնճիթ է, որն իրականացնում է շնչառության գործառույթը: Դեմքի հենց նման կառուցվածքով է ծնվել նաեւ այս երեխան:
Որպես կանոն կիկլոպիան ուղեկցվում է բազմաթիվ արատներով, դրա համար էլ նման արատով ծնված երեխաները սովորաբար ողջ չեն մնում:
Ավելին՝ թեեւ կիկլոպիան հանդիպում է 1000-ից 4 երեխայի մոտ, բայց նրանց մեծ մասը լույս աշխարհ չի գալիս. հղիության վաղ ժամկետներում նրանց մայրերը վիժում են:
Երեխայի առողջությանը հետեւող բժիշկ Ահմեդ Բադրուդինը հայտարարել է, որ տղան ծնվել է խիտ մազերով, խոշոր ականջներով, նաեւ շատ այլ դեֆորմացիաներով: Բժիշկ Բադրուդինը ենթադրում է, որ բազմաթիվ արատների պատճառով այդ երեխան առավելագույնը մի քանի օր կապրի: Երեխայի ծնողները ինտերնետով ցավակցական հաղորդագրություններ են ստանում աշխարհի տարբեր ծայրերից:
Բժիշկների կարծիքով նորածնի արատի պատճառը կարող էր լինել կամ հղիության ընթացքում մոր խմած դեղերի ազդեցությունը, կամ ճառագայթումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր