Նյարդաբանության եւ Նյարդաբանական գիտությունների Սթենֆորդի դեպարտամենտի մասնագետները նոր դեղ են ստեղծել, որը կարող է օգտագործվել ցրված սկլերոզի դեմ պայքարում: Դեղը փորձարկել են այդ հիվանդությամբ տառապող մկների վրա, ստացված արդյունքները հիմք են տալիս ենթադրելու, որ դեղը կօգնի արդյունավետ կերպով պայքարել մարդկանց մոտ այդ հիվանդության դեմ:
Ներկայումս ցրված սկլերոզով տառապող հիվանդներին ինտերֆերոններով թերապիա են նշանակում. դա չի բուժում հիվանդությունը եւ նույնիսկ չի դանդաղեցնում նրա ընթացքը, բայց թուլացնում է դրա դրսեւորումները: Սակայն շատ հիվանդների մոտ այդ դեղամիջոցի օգտագործման հետ կապված երկրորդական հետեւանքներ են զարգանում:
Այժմ գիտնականները Լոուրենս Շտեյնմանի գլխավորությամբ առաջարկել են ցրված սկլերոզի դեմ պայքարում օգտագործել լեղաթթվի արհեստականորեն սինթեզված ագոնիստ` օբետիհոլային թթուն (6-ECDCA): Փորձարկումների իրականացման համար հեղինակները մկներ են աճեցրել, որոնք զուրկ են ֆարնեզոիդային Х-ռեցեպտորի դրսեւորումներից, որն օգտագործվում է լեղաթթվի սինթեզի եւ խոլեստերինի նյութափոխանակության մեջ: Այդ ռեցեպտորը չունեցող կենդանիների մոտ վառ արտահայտված էին ցրված սկլերոզի ախտանիշները:
Կենդանիների մի խումբը 6-ECDCA է ստացել, իսկ մյուսը` հենոդեզոքսիհոլային թթու` ֆարնեզոիդ Х ռեցեպտորի բնական ագոնիստ: Բոլոր կենդանիների մոտ էական բարելավումներ են նկատվել, սակայն պարզվել է, որ 6-ECDCA-ի ընդունումն ավելի արդյունավետ է: Հետազոտողներն ընդգծում են, որ դեղամիջոցի բերանային ընդունումը նախաընտրելի է, քան ներարկումները, որոնց օգնությամբ մտցվում է ինտերֆերոնը: Իմիջիայլոց, 6-ECDCA ընդունած հիվանդների մոտ կողմնային էֆեկտներ են արձանագրվել. փորձարկվողների 23 տոկոսի արյան մեջ բարձրացել է խոլեստերինի մակարդակը, բացի այդ մաշկաքոր է առաջացել:
Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր