Հայերը աղջկան դեմ չեն, ուղղակի ուզում են անպայման տղա ունենալ: Այս մասին մարտի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում վերջին տարիներին մտահոգիչ ցուցանիշ է գրանցվել՝100 աղջկա դիմաց ծնվել է 120 տղա: Սա ապացույցն է, որ կանայք սեռով պայմանավորված աբորտներ են անում։

«Բարեբախտաբար, առաջին հղիությունը ոչ ոք չի ընդհատում. մեր աղջիկներն առաջին հղիության ժամանակ նորմալ ծնվում են: Փոփոխությունը սկսվում է երկրորդ եւ հատկապես երրորդ ու չորրորդ հղիությունների ժամանակ: Հայերը ոչ թե դեմ են աղջկան, այլ ուզում են անպայման տղա ունենալ: Առաջներում չկար էխոսկոպիկ հետազոտություն, կանայք ունենում էին այնքան երեխա, մինչեւ տղա ունենան»,- ասաց նա:

Բաժնի պետը տեղեկացրեց, որ Հայաստանում իրականացվում է 15 տարեկան աղջիկների առողջականի համալիր գնահատում, պատրաստում հետագա մայրությանը: Ըստ նրա,  սա կարեւոր խնդիրներից մեկն է, որն ուղղված է անպտղության մակարդակի իջեցմանը: Կատարվում է նաեւ զանգվածային ուսումնասիրություն14-15 տարեկան տղաների շրջանում,  քանի որ առանց առողջ տղամարդու հնարավոր չէ ունենալ առողջ մայրություն ու ընտանիք։

Ավագյանը նաեւ նշեց, որ Հայաստանում հղիներն առաջին իսկ օրվանից դիմում են կոնսուլտացիայի. սա կարեւոր ցուցանիշ է, ու այն նպաստոել է մայրական եւ մանկական մահացության նվազեցմանը եւ ծննդօգնության ցուցանիշի բարձրացմանը:

1000 կենդանածնության դիմաց ունենք 9.2 մահ. դրա մեջ ներառված են եւ՛ մեռելածնությունը, եւ՛ հետծննդյան՝ վեց օրվա մահը: 2008-ին այդ ցուցանիշը 18 էր: Նույնն է մայրական մահացության դեպքում. մահերի կիսով չափ նվազում կա:

Բաժնի պետը կոչ արեց հայ կանանց ավելի ուշադիր լինել իրենց առողջական վիճակին։   «Սա դարերից եկած մշակույթ է. հայ կինը փորձում է լինել լավ մայր, լավ տնտեսուհի՝ մոռանալով իր անձը: Բայց նրանք նաեւ պետք է մտածեն, որ իրենցից է կախված ընտանիքի ամրությունն ու առողջությունը, եւ ժամանակին դիմեն տարածքային բժիշկներին», - ասաց նա, հավելելով, որ այնպիսի փոքր պոպուլյացիայի համար, ինչպիսին Հայաստանն է, անպտղությունը մեծ խնդիր է:  Հայաստանում  երեք անգամ կատարվել են լայնածավալ հետազոտություններ անպտղության պատճառները պարզելու համար։

Ըստ Ավագյանի՝ 90-ականներին ընտանիքների 24 տոկոսն ունեցել է այս խնդիրը: Այսօր արդեն այդ ցուցանիշը կիսով չափ նվազել է, եւ դրանում մեծ դեր է ունեցել կանանց տեղեկացվածությունը ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների վերաբերյալ, ինչը կանխել է հղիության ընդհատումը:

Եթե 90-ականներին մեկ ծննդաբերությանը մեկ արհեստական ընդհատում էր բաժին ընկնում, ապա այսօր 6 ծննդին բաժին է ընկնում մեկը:

Հղիների բողոքի ակցիային անդրադառնալով՝ Ավագյանը նշեց, որ դա ավելի շատ թերի տեղեկացվածության արդյունք էր. սոցիալական խմբում ընդգրկված հղիների վրա ախտաբանության բուժման համար համավճարը չէր տարածվում, ինչպես նաեւ անհետաձգելի ախտաբանական վիճակում ընդունված հղիների: