Ըստ Փենսիլվանիայի, Քոլորադոյի եւ Դյուկի համալսարանների մասնագետների կատարած նոր հետազոտության՝ զայրույթի եւ վրդովմունքի զգացումը կարող է մարդկանց օգնել նիհարել, հայտնում է Daily Mail-ը:
Հետազոտության շրջանակներում գիտնականները ֆրանսերեն չիմացող մարդկանց խմբին ֆրանսերեն լեզվով ֆիլմ են ցուցադրել: Փորձի մասնակիցների կեսին ասել են, որ ֆիլմը խառնարյուն հարաբերությունների մասին է, մյուս կեսին ասել են, որ դա սովորական ռոմանտիկ ֆիլմ է: Հետո բոլոր մասնակիցներին կաթնային-շոկոլադե ըմպելիք են բաժանել եւ հետեւել են նրանց վարքին:
Պարզվել է, որ մարդիկ, որոնք կարծել են, թե ինցեստի մասին ֆիլմ են դիտում, խմել են միջինում մոտ 110 գ ըմպելիք, իսկ նրանք, ովքեր կարծել են, թե ֆիլմը սովորական մելոդրամա է, խմել են մեկ երրորդով ավել՝ մոտ 147 գ:
Հետազոտողները եզրակացրել են, որ մարդիկ, բախվելով մի բանի, ինչն անբարոյական են համարում, կորցնում են ախորժակը:
«Բարոյականության նորմերի խախտում տեսնելով՝ մարդիկ կորցնում են ախորժակը,- ասում է հետազոտության հեղինակ Սինդի Չանը:- Մարդիկ ավելի քիչ սուրճ են խմում, երբ թերթում կարդում են կորպորատիվ մեքենայության բացահայտման մասին, որը, ըստ էության, գործնական էթիկայի խախտում է»:






